Գարնանային ուսումնական շրջանը ՀԲԸՄ ՀՎՀ-ում հագեցած էր և հաջողված․ ավելի քան 900 ուսանողներ աշխարհի տարբեր մասերից մասնակցեցին դասընթացներին։
ԱՄՆ-ից, Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Լիբանանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից և շատ այլ երկրներից տարբեր տարիքի ուսանողներ մասնակցեցին ՀԲԸՄ ՀՎՀ-ի առցանց անվճար դասընթացներին: Ուսանողները կարող են գրանցվել արևելահայերենի և արևմտահայերենի, հայոց պատմության, հայկական ճարտարապետության, հայկական երաժշտության և շախմատի դասընթացներին:
«ՀՎՀ դասընթացները շատ լավ են կազմված։ Տարբեր թեմաներ ուսումնասիրելիս մենք կարողանում ենք հարստացնել մեր գիտելիքները տեսողական ու լսողական զվարճալի և հետաքրքիր մեթոդներով»։
Թիֆեն Բուասո
ՀԲԸՄ ՀՎՀ էլ․ուսանող, Ֆրանսիա
«Ես շատ գոհ եմ ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացներից։ Շատ արդյունավետ են և ամենակարևորը՝ հետաքրքիր»։
Նիկ Բագդասար
ՀԲԸՄ ՀՎՀ էլ․ուսանող, Գերմանիա
2024թ․ գարնանային ուսումնական շրջանի ավարտին ՀԲԸՄ ՀՎՀ տասը ուսանողներ հաջողությամբ ավարտեցին հայոց լեզվի դասընթացի բոլոր մակարդակները և ստացան վկայականներ։
ՀՎՀ դասընթացների գլխավոր առանձնահատկություններից մեկը դասավանդման լեզուների բազմազանությունն է, որի շնորհիվ ուսանողները հայերենը սովորում են իրենց մայրենի լեզվով: 2024 թվականի գարնանը ուսանողների թիվը գերակշռեց հայոց լեզվի՝ անգլերենով, ռուսերենով և ֆրանսերենով դասավանդվող դասընթացներում։ Այս լեզուներին հաջորդեցին պորտուգալերենը, իսպաներենը, արևելահայերենը, արևմտահայերենը և թուրքերենը:
Ուսանողների գրեթե կեսը, գնահատելով դասընթացների որակը, բովանդակությունը, դասավանդման և ուսուցման հարմարավետությունը, որոշեց շարունակել ուսումը ՀԲԸՄ ՀՎՀ-ում:
Դասընթացներից բացի ՀԲԸՄ ՀՎՀ-ն ունի նաև բացառիկ հնարավորություններ ուսանողների համար՝ ծանոթանալու հայկական մշակույթին ու ավանդույթներին և ուսումնասիրելու դրանք: Գարնանային ուսումնական շրջանի սկզբին ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար դասախոսները կազմակերպեցին խմբային հանդիպումներ՝ ուսանողներին ծանոթացնելու և ուղղորդելու նպատակով։ Իսկ ուսումնական շրջանի ընթացքում կազմակերպվեցին առցանց սոցիալական միջոցառումներ և հանդիպումներ:
ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագրին մասնակցող 23 հայկական դպրոցների համար գարնանային ուսումնական շրջանի ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ վիրտուալ միջոցառումներ: Դպրոցների ուսումնական ծրագրերում ներառված են ՀՎՀ դասընթացները: Ուսանողները ծանոթացան հայկական տոներին և ավանդույթներին, ինչպես նաև ուսումնասիրեցին մշակութային և պատմական տեսարժան վայրերը վիրտուալ այցելությունների և սոցիալական միջոցառումների ընթացքում:
Հեռավար դասախոս Գոհար Գևորգյանի կողմից կազմակերպված վիրտուալ այցելության ժամանակ Դոնի Ռոստովի (Ռուսաստան) հայկական համայնքային կենտրոնի ուսանողները ուսումնասիրեցին Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:
ՀՎՀ արևմտահայերենի բաժնի համակարգող և հեռավար դասախոս Զեփյուռ Խպլիկյանի հետ Մեսրոպյան վարժարանի (Լիբանան) ուսանողները վիրտուալ այցելություն ունեցան Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
ՀԲԸՄ ՀՎՀ գարնանային ուսումնական շրջանի ընթացքը հաջողված էր: ՀՎՀ թիմը ոգևորությամբ սպասում է 2024 թվականի ամառային ուսումնական շրջանին: Ընդունելությունը բաց է, իսկ դասերը սկսվելու են հուլիսի 1-ին: