ՀՎՀ-ն մասնակցում է BETT 2020 կրթական ցուցահանդեսին
01/25/2020
ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը հունվարի 22-25-ը ներկա գտնվեց Լոնդոնում տեղի ունեցած «British Educational Training and Technology Show 2020» կրթական ցուցահանդեսին: Լոնդոնում ՀՎՀ-ի ներկայացուցիչ և ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների խմբի ակտիվ անդամ Սարգիս Մազմանյանի ուղեկցությամբ նա ակտիվ մասնակցություն ունեցավ արդյունաբերական այս ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին կրթական ոլորտի արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:
Ցուցահանդեսի օրերին դոկտ. Զորյանը և Սարգիս Մազմանյանը շրջեցին տաղավարներով և ծանոթացան ԳՏՃՄ (STEM), վիրտուալ և լրացված իրականության (VR և AR) բնագավառների նորարարական տեխնոլոգիաներին, որոնք մեծապես կիրառվում են ուսումնական գործընթացում:
Իր 10-ամյա գործունեության ընթացքում ՀՎՀ-ն մշտապես հետևել է տեխնոլոգիական ժամանակակից միտումներին՝ լրամշակելով իր առցանց դասընթացները, թողարկելով մուլտիմեդիա էլ. գրքեր և կրթական այլ ռեսուրսներ:
Դոկտ. Զորյանը, խոսելով միջոցառման մասին, մասնավորապես նշեց. «ՀՎՀ-ի համար այս կրթական ցուցահանդեսը շատ կարևոր է, քանզի հնարավորություն է տալիս դառնալ առցանց կրթության գլոբալ համայնքի ակտիվ մասնակիցը, ներկայացնել սեփական ձեռքբերումները և գտնել նոր գործընկերներ ամբողջ աշխարհում»:
BETT-ը, որն անցկացվում է մրցանակակիր ExCeL-ի ցուցահանդեսային կենտրոնում, կրթական ամենամեծ հավաքն է, որտեղ ներկայացվում են ՏՏ ոլորտի նորարարությունները դասարանում ստեղծագործական գործունեության համար: Այս տարի ցուցահանդեսն ունեցավ 34.000 մասնակից շուրջ 146 երկրից: