Էօրնեկեան դպրոցի սաները տոնում են ՀԲԸՄ ՀՎՀ արհեստական բանականության դասընթացի հաջող ավարտը
05/26/2024
Այս մայիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի առաջին ավագ դասարանի 18 աշակերտները, ովքեր միացել էին ՀԲԸՄ ՀՎՀ արհեստական բանականության ծրագրին, հաջողությամբ ավարտեցին դասընթացի առաջին մասը։
Համագործակցությանը սկիզբ է դրվել ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ. Երվանդ Զորյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումով: Այն մեկնարկել է ՀԲԸՄ ՀՎՀ գրասենյակում 2023 թվականի վերջին՝ ՀՎՀ աշխատակազմի և Էօրնեկեան դպրոցի ներկայացուցիչների հերթական հանդիպումից հետո։
2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ծրագրում ներգրավված ուսանողները ՀԲԸՄ ՀՎՀ արհեստական բանականության փորձագետ Մհեր Երզնկանյանի և Էօրնեկեան դպրոցի դասարանի ուսուցչի աջակցությամբ ուսումնասիրեցին արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիմունքները: Ուսումնական տարվա ավարտին աշակերտները ներկայացրին իրենց վերջնական նախագծերը հատուկ միջոցառման ժամանակ, որին ներկա էին դպրոցի տնօրենը, ուսուցիչները և ՀԲԸՄ ՀՎՀ աշխատակիցները:
Արհեստական բանականության ծրագրի նպատակն է ավագ դպրոցի աշակերտներին զինել էական գիտելիքներով և հմտություններով՝ հասկանալու արհեստական բանականության հիմունքներն ու դրանց կիրառությունները: Սա երիտասարդների համար հնարավորություն է՝ շարունակելու ուսումը և գործունեությունը արհեստական բանականության ոլորտում:
ՀԲԸՄ ՀՎՀ արհեստական բանականության դասընթացն առաջարկվում է հիբրիդ մեթոդով, որում համատեղված են հեռավար և ավանդական ուսուցման առավելությունները: Ծրագրի շրջանակում ՀԲԸՄ ՀՎՀ արհեստական բանականության փորձագետը հաճախակի այցելում է դպրոց՝ ուսանողների հետ դեմառդեմ դասեր անցկացնելու նպատակով:
Ծրագիրը մեկնարկել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի, Հայաստանի «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» (UEICT), «Սինոփսիս» հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիայի» (կրթական բաժնի) և ՀԲԸՄ ՀՎՀ-ի համատեղ ջանքերով:
Ավելին իմանալու համար դիտե՛ք այս տեսանյութը: