login
Հոդվածներ
ՀԲԸՄ ՀՎՀ-ի ներդրումը Հայաստանի թվային ապագայում 11/10/2023

Լինելով հեռավար ուսուցման առաջատար հաստատություններից մեկը Հայաստանում և Սփյուռքում՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հետևում է տեխնոլոգիական արդյունաբերության թարմացումներին և զարգացումներին՝ նորարարությունների առաջնագծում մնալու և STEM կրթության (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա)ոլորտում իր ծրագրերը ներկայացնելու համար:

 

2023 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՎՀ-ն մասնակցեց Երևանում կայացած Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին, որտեղ հավաքվել էին տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ և խոսնակներ՝ քննարկելու խելացի լուծումների կիրառության և թվային փոխակերպումների թեմաները:

 

ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ, Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարապետ և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը վարում էր «Խելացի երկիր» թեմայով պանելային քննարկումը:

 

Գագաթնաժողովը ծառայեց` որպես Հայաստանի` թվային ապագային անդրադառնալու մի հարթակ, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց գիտելիքներով, փորձով և նորարարական գաղափարներով՝ հայկական տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելու համար:

 

Հոկտեմբերի 25-27-ը տեղի ունեցավ մեկ այլ ուշագրավ իրադարձություն՝ «ԱՊՐԻ ֆորում 2023» համաժողովը։ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (APRI) կողմից կազմակերպված համաժողովում քննարկվեցին Հայաստանի հրատապ մարտահրավերները՝ ուսումնասիրելով շարունակվող ճգնաժամը հաղթահարելու, կայունությունը բարձրացնելու և կայուն զարգացմանը նպաստելու ուղիները:

 

ՀՎՀ հիմնադիր նախագահ և ԱՊՐԻ հիմնադիր խորհրդի անդամ դոկտ․ Երվանդ Զորյանը մասնակցեց համաժողովին և վարեց երկու կարևոր պանելային քննարկումներ:

 

«Կիբերանվտանգությունը փոքր պետությունների համար» վերնագրով առաջին պանելային քննարկումը նորարարական լուծումների մասին էր, որոնք պետք է օգտագործվեն փոքր երկրների կողմից իրենց թվային փոխակերպումն ապահովելու համար: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր տեսակետը։

 

Երկրորդ պանելային քննարկման ժամանակ դոկտ․ Զորյանը և Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը քննարկեցին «Հայաստանում թվայնացման առաջընթացը» թեման՝ ընդգծելով թվայնացման կենսական դերը Հայաստանի զարգացման գործում: