login
Հոդվածներ
«Արհեստական բանականություն». ինտերակտիվ դասընթացներ ավագ դպրոցի աշակերտների համար 03/25/2022

2022 թվականի մարտի 24-ին ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը հանդիպեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը։


Հանդիպման հիմնական թեման «Արհեստական բանականություն» ինտերակտիվ մուլտիմեդիա դասընթացն էր՝ նախատեսված ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Երեք մասից բաղկացած դասընթացը նախաձեռնվել է Սիլիկոնային հովտի ՀԲԸՄ մասնաճյուղի կողմից` Սինոփսիս հիմնադրամի հովանավորությամբ։ Դասընթացի կրթական բաղադրիչը մշակել են Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի մասնագետները։ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանն այնուհետև իրականացրել է ՏՀՏԳՄ-ի կողմից ստեղծված տեսադասերի ՀՎՀ-ի էլեկտրոնային ուսուցման հարթակում տեղադրելու աշխատանքները:


Դոկտոր Զորյանը ներկայացրեց ծրագրի հիմնական առանձնահատկություններն ու ուսումնառության նպատակները՝ ընդգծելով, որ կիրառվել է ոլորտում առկա լավագույն փորձը և մշակվել էլեկտրոնային ուսուցման ձևաչափով՝ ավագ դպրոցի աշակերտների համար ողջ հանրապետության տարածքում այն հասանելի դարձնելու նպատակով:


Ժաննա Անդրեասյանը նշեց, որ STEM-ի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) խթանումը դպրոցական կրթության ոլորտում կառավարության առաջնահերթություններից է։ Հանդիպման մասնակիցները քննարկել են առաջիկա ուսումնական տարում Հայաստանի ավագ դպրոցներում 10-րդ դասարանցիների համար «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին մակարդակի ներդրման գործնական քայլերը։