login
Հոդվածներ
Կրթական նոր ծրագրում ներկայացվում են ազգային անվտանգությունում համընդհանուր լավագույն գործողությունները 12/28/2022

Ազգային անվտանգությունը չափազանց կարևոր է դարձել մերօրյա աշխարհում, որտեղ տարբեր երկրներ առնչվում են տարաբնույթ սպառնալիքների՝ ահաբեկչությունների, կիբերհարձակումների և աշխարհաքաղաքական լարվածությունների հետ։ Ռազմավարության և պլանավորման միջոցով ազգային անվտանգությունը բարելավելու նպատակով ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) մեկնարկել է առցանց դասընթաց, որը կոչվում է «Ազգային անվտանգություն․ ռազմավարություն և պլանավորում»։

 

Այս դասընթացը մշակվել է Հայաստանում և սփյուռքում գտնվող ռազմավարական պլանավորման փորձագետների և բարձր մակարդակի մասնագետների խմբի կողմից։ Դասընթացի նպատակն է օգնել ազգային անվտանգության քաղաքական ծրագրավորողներին և ռազմավարներին, որոշում կայացնողներին, միջազգային հարաբերությունների վերլուծաբաններին և ուսանողներին լուծում տալ ազգային անվտանգության բարդ խնդիրներին։ Դասընթացի համահեղինակներն են Բոստոնի NSI-ի գլխավոր վերլուծության տնօրեն և գործադիր փոխնախագահ դոկտ․ Ալիսոն Աստորինո-Կուրտուան և Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայից դոկտ․ Հրայր Կաբայանը։

 

Դոկտ․ Կաբայանը, ով դասընթացի մշակման գլխավոր հովանավորներից մեկն է, բացատրում է․ «Մենք փորձում ենք լավ մեթոդաբանություն հաստատել աշխարհի այս շատ խրթին տարածաշրջանի համար և փորձում ենք կանխատեսել գալիք միտումները։ Դասընթացի բովանդակությունը հիմնված է Վաշինգտոնում ավելի քան 20 տարվա աշխատանքների վրա»։ Սա ավելի է ընդգծում այն փորձառությունը, որը ներդրվել է այս դասընթացի ստեղծման գործում։

 

Դասընթացում ներդրում են ունեցել նաև ոլորտի այլ փորձագետներ, այդ թվում նաև GIS քարտեզի մշակող Ալեքս Տուր-Սարգսյանը, պաշտպանության գործառնությունների և պլանավորման վերլուծաբան Արիս Մարտիրոսյանը, հայոց նորագույն պատմության պաշտոնաթող պրոֆեսոր և Հայաստանի առաջին նախագահի խորհրդական դոկտ․ Ջերարդ Լիպարիտյանը, կառավարման խորհրդատու, ծրագրի կառավարման վկայագրված մասնագետ Թալար Կազանջյանը և ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ դոկտ․ Երվանդ Զորյանը։

 

Դասընթացում ներկայացվում է IRC (հետաքրքրվածություն, լուծում, հնարավորությունների շրջանակ) մեթոդը՝ բազմակողմանի, խիստ անորոշ և բարդ ազգային անվտանգություն ունեցող միջավայրերը գնահատելու համար։ Դասընթացում առկա են նաև ինտերակտիվ տեսադասեր, քննական հարցեր, քարտեզներ և այլ միջոցներ՝ օգնելու ուսանողներին ավելի լավ հասկանալ ազգային անվտանգության գաղափարները և դրանց կիրառումը։ Դասընթացը ավարտվում է նախապես ձայնագրված սիմուլյացիոն վարժությունով, որն արտացոլում է դասընթացում ընդգրկված մեթոդների գործնական կիրառումը։ Այս սիմուլյացիոն խաղը ստեղծվել է առարկայի փորձագետների խմբի կողմից, ովքեր, օգտագործելով տարբեր իրավիճակներ, գնահատել են Հայաստանի գալիք ուղիները և զարգացրել ռազմավարական միտումներ։ Դասընթացի բովանդակության այսպիսի գործնական կիրառումը ընդգծում է դասընթացի կարևորությունը իրական կյանքում, ինչպես նաև օգնում է որոշում կայացնողներին իրենց պլանավորման գործում։

 

Ամփոփելով կարող ենք ասել, որ այս դասընթացի մեկնարկը կարևոր քայլ է ռազմավարության և պլանավորման միջոցով ազգային անվտանգությունը ամրապնդելու համար։ Փորձառության և մասնագիտական հմտության մակարդակը, որը ներդրվել է դասընթացի ստեղծման մեջ, դասընթացի բովանդակության գործնական կիրառման հետ մեկտեղ ընդգծում է դասընթացի արդիականությունն ու կարևորությունը մերօրյա աշխարհում։ Այն անձանց համար, որոնք հետաքրքրված են ազգային անվտանգության գաղափարներով և դրանց կիրառմամբ, լավ հնարավորություն է ստեղծվել սովորել ոլորտի փորձագետներից և զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները այս կարևոր ասպարեզում։