2024 թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 20-ը տեղի ունեցավ շախմատի համահայկական 4-րդ առցանց ճամբարն ու մրցաշարը (PACT-4): Մրցաշարն ավարտվեց հոկտեմբերի 20-ին՝ պաշտոնական փակման արարողությամբ, որի ընթացքում հայտարարվեցին մրցաշարում հաղթող ճանաչվողների անունները:
Փակման արարողությանը ներկա էին նշանավոր հյուրեր, այդ թվում՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ փոխնախագահ դոկտ․ Երվանդ Զորյանը, 1962-1978 թթ. կանանց շախմատի աշխարհի չեմպիոն գրոսմայստեր Նոնա Գափրինդաշվիլին, Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և այլ աշխարհահռչակ գրոսմայստերներ ու Հայաստանի շախմատի չեմպիոններ, ինչպես նաև մրցաշարի մասնակիցներ:
Այս տարվա մրցույթին նախորդեց շախմատի երկշաբաթյա ճամբարը, որի ընթացքում անցկացվեցին տեսադասեր և վարպետության դասեր։ Դասերը վարում էին միջազգային վարպետ Աննա Սարգսյանը, Հայաստանի շախմատի կրկնակի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը և ՀԲԸՄ ՀՎՀ շախմատի հեռավար դասախոս Մանե Ադամյանը:
Մրցաշարն անցկացվեց 6 փուլով։ Մրցաշարին մասնակցում էին երկու տարիքային խմբեր՝ մինչև 12 տարեկան և 12-18 տարեկան: Մասնակիցները պայքարում էին լավագույն 3 հորիզոնականների համար: Փակման արարողության ավարտին հայտարարվեցին հաղթողների անունները։
Մինչև 12 տարեկան․
1-ին հորիզոնական՝ Արարատ Բաղդասարյան, 11 տարեկան, ԱՄՆ,
2-րդ հորիզոնական՝ Ալեն Խաչյան, 12 տարեկան, Հայաստան,
3-րդ հորիզոնական՝ Սոֆյա Բաղրամյան, 8 տարեկան, Հայաստան։
12-18 տարեկան․
1-ին հորիզոնական՝ Շահան Ա. Սայիդ-Մովսիսյան, 13, Սաուդյան Արաբիա,
2-րդ հորիզոնական՝ Դավիթ Գալստյան, 14, ԱՄՆ,
3-րդ հորիզոնական՝ Էլինա Սողոմոնյան, 15, Հայաստան։
Հաղթողները և ճամբարի ամենաակտիվ մասնակիցները ստացան վկայականներ և մրցանակներ: 71-ամյա Խաչիկ Կասսապյանը՝ Եգիպտոսից, ստացավ շախմատի մրցաշարի երկրպագուի հատուկ մրցանակ: Միջոցառման ավարտին կազմակերպվեց ինտերակտիվ վիկտորինա, որին մասնակցեցին բոլորը:
Բացման իր խոսքում ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ․Երվանդ Զորյանն ասաց. «Չորս տարի առաջ՝ համավարակի ընթացքում, մենք նախաձեռնեցինք այս մրցաշարը՝ շախմատասերներին համախմբելու համար։ Այժմ մենք ունենք շախմատի առցանց համայնք, որում ներգրավված են ավելի քան 1250 շախմատասերներ՝ 35 տարբեր երկրներից»:
Շախմատի գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր և նախագահ Սմբատ Լպուտյանը նույնպես ողջունեց բոլորին՝ նշելով․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին։ Վերջին 4 տարիների ընթացքում ՀԲԸՄ ՀՎՀ-ի ներդրումը բավականին նշանակալի է եղել շախմատի ոլորտում»:
Առաջին կին գրոսմայստեր Նոնա Գափրինդաշվիլին կիսվեց իր տպավորություններով՝ մրցաշարերի մասին. «Այս նորարարական մոտեցումը շատ տպավորիչ է: Սպորտի այս ոլորտում երիտասարդների թիվը շարունակում է ավելանալ, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԲԸՄ ՀՎՀ-ին և Հայաստանի շախմատի ակադեմիային: Շնորհավորում եմ բոլորին»:
Շախմատի գրոսմայստեր Հայաստանի առաջատար շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը շնորհավորեց հաղթողներին և խրախուսեց երիտասարդ շախմատասերներին զարգացնել հմտությունները շախմատում նոր բարձունքներ գրավելու համար:
Փակման արարողությունից հետո ՀԲԸՄ ՀՎՀ-ն դեռ շարունակում է ստանալ շնորհակալագրեր և գնահատանքի խոսքեր հանդիսատեսից և մասնակիցներից։ Հնդկաստանի հայկական մշակութային կենտրոնը նշել է. «Շնորհավորում ենք ՀԲԸՄ ՀՎՀ-ին։ Շնորհակալ ենք, որ ևս մեկ անգամ շախմատի միջոցով կարողացանք մեկտեղ հավաքվել»:
Այս տարի շախմատի համահայկական 4-րդ ճամբարին ու մրցաշարին մասնակցեցին ավելի քան 130 մասնակիցներ՝ 19 երկրներից: Շախմատի համահայկական համայնքում բոլորը հնարավորություն ունեցան մասնակցելու քննարկումների, դիտելու շախմատային խաղեր, մասնակցելու վարպետաց դասերի, ինչպես նաև ձեռք բերելու նոր ընկերներ և լինելու շախմատասերների համայնքի մի մասը՝ PACT հարթակում:
Շախմատի համահայկական մրցաշարը կշարունակի նպաստել շախմատի կրթությանը:
Փակման արարողությունը կարող եք դիտել այստեղ։ Շախմատի համահայկական 4-րդ ճամբարի և մրցաշարի կարճ ամփոփումը դիտե՛ք այստեղ: