ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ դպրոցները նշում են Պարույր Սևակի 100-ամյակը
02/02/2024
Հունվարի 24-ին ՀԲԸՄ ՀՎՀ-ն միավորվեց հայկական գործընկեր դպրոցներին՝ ոգեկոչելու 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պարույր Սևակի ծննդյան հարյուրամյակը:
ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ դպրոցների սաները՝ Լիբանանից, Սիրիայից, Շվեյցարիայից և Կանադայից,մասնակցեցին տոնակատարությանը պոեզիայի ընթերցանությամբ և հեղինակայաին ստեղծագործություններով, որոնք ստեղծվել էին Սևակի բանաստեղծություններից ոգեշնչված։
Համատեղ նախագծի սկզբում հնչեց Սևակի «Էրեբունի-Երևան» բանաստեղծությունը, որը կարդացին Լիբանանի Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի և Շվեյցարիայի Ժնև քաղաքի Թոփալյան վարժարանի սաները։
Երկրորդ բանաստեղծությունը՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», կարդացին ՀԲԸՄ Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի և Սիրիայի Հալեպ քաղաքի՝ ՀԲԸՄ Սարյան ակադեմիայի, ինչպես նաև Կանադայի Մոնրեալ քաղաքի ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարանի սաները։
Ի գնահատանք մեծ բանաստեղծի ստեղծագործությունների՝ աշակերտները ներկայացրին նաև հայկական թեմայով հետաքրքրաշարժ գծանկարներ, որոնք շատ սիրվեցին ՀԲԸՄ ՀՎՀ սոցցանցերի հետևորդների կողմից։ Ահա մեկնաբանություններից մի քանիսը․ «Ինչպիսի՜ կարևոր նախաձեռնություն», «Բացառիկ նախագիծ. շնորհակալ ենք ՀԲԸՄ ՀՎՀ-ին»:
ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ ծրագրի ուսուցիչները նույնպես ոգևորված էին նախաձեռնության հաջողությամբ: Մոնրեալի Ալեք Մանուկյան վարժարանի հայոց լեզվի ուսուցիչ Նայիրի Ջիջին ասաց. «Շնորհակալություն ՀՎՀ այս մեծ ընտանիքին, որ միշտ հնարավորություն է ընձեռում մեր ուսանողներին մասնակցել նման հրաշալի նախագծերի»:
ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ ծրագիրը ավանդական և առցանց ուսուցման խառնուրդն է, որը նորարարական և տեխնոլոգիական աղբյուրներով հարստացնում է դասավանդման ավանդական մեթոդները: Այն հաջողությամբ կիրառվում է աշխարհի 66 կրթական հաստատություններում և հայկական համայնքներում։
Դիտե՛ք տեսանյութը՝ տեսնելու աշակերտների նկարները՝ պոեզիայի ընթերցանությամբ։