Հոկտեմբերի 9-ին Սինոփսիս Արմենիա ընկերության շքասրահում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մասնակիցների ավարտական նախագծերի ցուցադրություն և ավարտական միջոցառում:
Միջոցառումը կազմակերպվել էր STEP.ai կրթական ծրագրի շրջանակում` ներկայացնելու ձեռքբերումները և Հայաստանի տեխնոլոգիական նորարարությունների զարգացման հաջորդ քայլերը։ Վերջիններս միտված են օժանդակելու արհեստական բանականության ոլորտի ապագա մասնագետների և նորարարների սերնդի ձևավորմանը:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների (ՏՀՏԳ) միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Սինոփսիս Արմենիայի ուսումնական բաժնի տնօրեն պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը, ինչպես նաև Սինոփսիս ընկերության ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ոլորտի նշանավոր փորձագետներ, ավագ դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, տնօրեններ, աշակերտների ծնողներ։
Դոկտոր Երվանդ Զորյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց ԳՏՃՄ (գիտության, տեխնոլոգիայի, ճարտարապետության և մաթեմատիկայի) ոլորտում ուսումնական նման նախագծերի իրականացման անհրաժեշտությունը և այդ ոլորտում համագործակցությունը։ Ներկայացնելով ծրագրի ստեղծման գաղափարը՝ հավելեց․ «Լինելով արագ զարգացող աշխարհի մի մասը՝ մենք պետք է կիրառենք արհեստական բանականության կողմից տրված հնարավորությունները: Սակայն կիրառելը բավական չէ. պետք է լինենք նաև դրա ստեղծողը»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով փորձնական նման ծրագրերի ներդրումը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ քայլեր ու փոփոխություններ են անհրաժեշտ նման ծրագրերի ամբողջական ներդրման համար։ «Շատ կարևոր է, որ մենք ծրագրերն իրականացնենք մասնավոր ոլորտի ակտիվ նախաձեռնողականությամբ, և համարում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք, քանի որ տեխնոլոգիական զարգացումն ու առաջընթացը դպրոցներում և կրթական համակարգում որոշակի հմտությունների ու կարողունակությունների պահանջարկ է առաջացնում»,-ասաց Անդրեասյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց․ «Վստահ եմ, որ արհեստական բանականությունն ուսումնասիրողների այս նոր սերունդը գալիս է վերափոխելու ամբողջ տնտեսությունը և նպաստելու մեր երկրում թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը: STEP.ai կարևորում է նորարարությունը, մասնավոր և արդյունաբերական հատվածի համագործակցությունը»:
Սինոփսիս ընկերության բնապահպանական, սոցիալական և կառավարման գծով ավագ տնօրեն Էրին Հուզմանը, ողջունելով ներկաներին, նշեց․ «Ուրախ եմ տեսնել, որ Սինոփսիս հիմնադրամը նման հրաշալի ծրագրերի շրջանակում իր ներդրումն ունի։ Տեխնոլոգիական կրթության ոլորտում մեր համագործակցությունն ակնհայտորեն զարգացում է ապրում»։
2023-2024 թթ. ուսումնական տարվա ընթացքում 64 ուսանողներ հաջողությամբ ավարտեցին ծրագրի առաջին դասընթացը։ Միջոցառման ընթացքում ավագ դպրոցների աշակերտները, որ հաջողությամբ ավարտել են STEP.ai արհեստական բանականության ծրագրի առաջին դասընթացը, ներկայացրին ավարտական նախագծերը և ստացան իրենց վկայականները։
Ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ին Հայաստանի և Արցախի մի շարք ավագ դպրոցներում: Այն բաղկացած է 3 դասընթացից, իսկ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերը հագեցած են հեռավար ուսուցման արդիական լուծումներով։ Ուսուցումն իրականացվում է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի մասնագետների կողմից հիբրիդ եղանակով, որը համատեղում է առցանց և առկա ուսուցումը՝ դպրոցի ուսուցչի և հեռավար դասախոսի աջակցությամբ:
STEP.ai արհեստական բանականության ծրագիրը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի և Սինոփսիս հիմնադրամի կողմից՝ զարգացնելու ԳՏՃՄ (գիտության, տեխնոլոգիայի, ճարտարապետության և մաթեմատիկայի) կրթությունը հայկական դպրոցներում: Ծրագիրը մշակվել և իրականացվել է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության (UEICT) և Սինոփսիս Արմենիայի կրթական բաժնի համատեղ ջանքերով և վիրտուալացվել է ՀՎՀ էլեկտրոնային ուսուցման հարթակում:
Միջոցառման կարևոր իրադարձություններին կարող եք ծանոթանալ՝ դիտելով տեսանյութը այստեղ: