login
Հոդվածներ
Ամփոփում ենք ամառը ՀԲԸՄ ՀՎՀ-ում 10/01/2023

Այս ամառ, ինչպես նախորդ տարիներին, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) իրականացրեց ամառային մի շարք ծրագրեր, մասնավորապես՝  ՀԲԸՄ ծրագրերը (ՀԲԸՄ «Գլոբալ առաջնորդության ծրագիրը» և «Երաժշտական Հայաստան ծրագիրը»), ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Այս բոլոր ծրագրերի նպատակն է Հայաստանի և Սփյուռքի երիտասարդությանը միմյանց կապել կրթության, առցանց կապի և շփման միջոցով:

 

Որպես հայագիտության մեջ մասնագիտացած առցանց հաստատություն, որն ունի առցանց դասավանդման ավելի քան տասնամյա փորձ, ՀԲԸՄ ՀՎՀ-ն տարիների ընթացքում իր ներդրումն է ունեցել ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագրում (GLP)՝ մասնակիցների համար կազմակերպելով բազմաթիվ վիրտուալ միջոցառումներ՝  հայկական հարուստ մշակույթին ավելի լավ ծանոթանալու նպատակով։

 

ՀԲԸՄ Գլոբալ առաջնորդության ծրագիրը մեկնարկեց հունիսի 26-ին Երևանում։ 12 մասնակիցներ՝ Կանադայից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Լիբանանից, Սիրիայից և ԱՄՆ-ից,  ներկա գտնվեցին ծրագրին: Մասնագետների և դասավանդողների հետ անցկացրած բազմաթիվ տարբեր պրակտիկաների և միջոցառումների հետ մեկտեղ ծրագրի մասնակիցները ՀԲԸՄ ՀՎՀ-ում ունեցան նաև արևմտահայերենի դասեր ՀԲԸՄ ՀՎՀ արևմտահայերենի բաժնի պատասխանատու Զեփյուռ Խպլիկյանի և ՀԲԸՄ ՀՎՀ ավագ հեռավար դասավանդող Անի Դեկիրմենչյանի հետ:

 

ՀՎՀ-ի թիմը ՀԲԸՄ Երաժշտական Հայաստան ծրագրի մասնակիցներին ներկայացրել է էլեկտրոնային ուսուցման այն ծրագրերը, որոնք կարող են օգնել ավելի խորը պատկերացում կազմել հայկական երաժշտության և մշակույթի մասին։
ՀԲԸՄ ՀՎՀ-ն այս տարի իր ներդրումն ունեցավ նաև ամառային «Քայլ դեպի տուն» ծրագրին: Այս ծրագիրը կազմակերպվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից։ Ծրագրի նպատակն է Հայաստան բերել դեռահասներին աշխարհի տարբեր անկյուններից՝ հայկական մշակույթին և ժառանգությանն ավելի խորը ծանոթանալու համար:

 

2023 թվականի հունիս-հուլիս ամիսներին «Քայլ դեպի տուն» ծրագրի ավելի քան 600 երիտասարդ մասնակիցներ այցելեցին Հայաստան։ ՀԲԸՄ ՀՎՀ համագործակցության և հաղորդակցության մասնագետ Կիմա Սերոբյանը ողջունեց բոլորին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում և ներկայացրեց ՀԲԸՄ ՀՎՀ-ի կողմից առաջարկվող կրթական տարբեր ծրագրերը, ներառյալ առցանց դասընթացները, հատուկ ծրագրերը, առցանց համայնքները և ուսուցման այլ հնարավորությունները:

 

Ամառային հաջող ուսումնական շրջանի ավարտից հետո ՀԲԸՄ ՀՎՀ-ն պատրաստվում է աշնանային ուսումնական շրջանի բացմանը և մշակում էլ ավելի հետաքրքիր ծրագրեր:

 

Ամենամյա ամառային ծրագրերից բացի, ՀՎՀ թիմը մասնակցել է մի շարք հանրային միջոցառումների, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպված «Կրթություն և կարիերաEXPO-2023»-ին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված Ազգային երիտասարդական ֆորումին: Այս միջոցառումներին մասնակցելով՝ ներկաները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ՀՎՀ-ի կողմից առաջարկվող առցանց ուսուցման մի շարք հնարավորություններ: