login
Հոդվածներ
ՀԲԸՄ ՀՎՀ ամառային ծրագրերի ամփոփում 08/25/2024

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանն իր կարևոր ներդրումն ունեցավ ամառային տարբեր ծրագրերում, որոնցից հատկանշական են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Համաշխարհային առաջնորդության» ծրագիրը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած «Քայլ դեպի տուն» ծրագիրը:


Այս ծրագրերի նպատակն է կրթության միջոցով համախմբել Հայաստանի և սփյուռքի երիտասարդներին։ ՀԲԸՄ ՀՎՀ-ն, օգտագործելով հեռավար կրթության իր 15-ամյա փորձը, կազմակերպեց հատուկ միջոցառումներ, տրամադրեց ուսումնական նյութեր և հարստացրեց ծրագրերի օրակարգը։

Հունիսի 16-ից հուլիսի 27-ը տեղի ունեցած «Համաշխարհային առաջնորդության» ծրագրի շրջանակում 20 երիտասարդ Հայաստանում՝ տարբեր կազմակերպություններում և հաստատություններում, մասնակցեց համապատասխան գործնական ծրագրերի։


Մասնակիցները նաև հետևեցին ՀԲԸՄ ՀՎՀ արևմտահայերենի դասընթացներին, ինչպես նաև մասնակցեցին Արցախին նվիրված առցանց միջոցառմանը՝ Արևմտահայերենի բաժնի պատասխանատու Զեփյուռ Խպլիկյանի և ավագ հեռավար դասախոս Անի Դեկիրմենչյանի գլխավորությամբ։


Զեփյուռ Խպլիկյանը նշեց՝ մասնակիցները արևմտահայերենի դասերին շատ ակտիվ էին։ Նրանցից շատերը ցանկություն հայտնեցին գրանցվել ՀՎՀ դասընթացներին և բարելավել հայերենի իմացությունը։

Հունիսի 3-ից օգոստոսի 24-ը տեղի ունեցած «Քայլ դեպի տուն» ծրագրին 19 երկրներից միացել էին ավելի քանի 600 մասնակիցներ։ 6 խմբով Հայաստան ժամանած 13-18 տարեկան պատանիները հնարավորություն ունեցան բացահայտելու և ուսումնասիրելու հայկական մշակույթը։


ՀԲԸՄ ՀՎՀ հաղորդակցության և համագործակցության մասնագետ Կիմա Սերոբյանը բոլորին ողջունեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում և ներկայացրեց ՀԲԸՄ ՀՎՀ կրթական տարբեր ծրագրերը, ներառյալ առցանց դասընթացները, վիրտուալ համայնքները և այլ միջոցառումներ։


Կիմա Սերոբյանը նշեց․-«Ուրախ ենք, որ Հայաստան այցելող մասնակիցների հետ հանդիպելու և ծանոթանալու առիթ ունեցանք։ Նրանք հետաքրքրված էին և ցանկանում էին տեղեկանալ ՀԲԸՄ ՀՎՀ ծրագրերի մասին։ Հպարտ ենք, որ մեր ներդրումն ունեցանք Հայաստանն ավելի լավ ճանաչելու և իրենց արմատների հետ վերամիավորվելու կարևոր գործում»։

Ամառային ծրագրերից բացի ՀԲԸՄ ՀՎՀ-ում շարունակվում է նաև ամառային ուսումնական շրջանը։ Ավելի քան 900 ուսանող հետևում է հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի և շախմատի առցանց դասընթացներին։ ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար դասախոսները նույնպես Հայաստանում ամառային փառատոներին նվիրված առցանց հատուկ միջոցառումներ կազմակերպեցին ։ 


ՀԲԸՄ ՀՎՀ ուսանող Կարապետ Վարատյանն ասում է․-«Շնորհակալ եմ այսպիսի հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար։ Ամառային փառատոներից իմ ամենասիրելիներն են Դոլմայի և ոչխարների խուզման փառատոները»։


Մեկ այլ ուսանող նշում է․-«Շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ։ Այնքան փառատոներ կան, որոնց կցանկանայի մասնակցել։ Մի օր անպայման Հայաստան կայցելեմ»։

ՀԲԸՄ ՀՎՀ-ն ամառային ճոխ և հագեցած ուսումնական շրջանից հետո կպատրաստվի աշնանային ուսումնական շրջանին՝ նոր և հետաքրքիր ծրագրերով։

 

ԳՐԱՆՑՎԵԼ