login
Հայացք ներսից
ՀՎՀ մի ուսանողի անսահման սերը հայոց լեզվի հանդեպ 12/01/2013

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում բնակվող 53-ամյա Իզաբելը մի տղա ունի, որ շատ նման է հայի` հայկական քթով, աչքերով, անգամ ունքերն են հայկական: Սակայն ո՛չ Իզաբելը, ո՛չ էլ իր տղան հայ չեն: Նա պարզապես սիրում է Հայաստանը:
 

Իզաբելը հունվարից միչև օգոստոս ընկած ամիսների ընթացքում աշխատում է որպես վաճառքի գործակալ Ռադիո Ֆրանսի կողմից կազմակերպվող երաժշտական փառատոնների համար: Տարվա մյուս ամիսներին զբաղվում է իր սիրած գործով` քանդակագործությամբ: Նա սիրում է անգլիացի արվեստագետ Հենրի Մուրի ոճը:


Իզաբելը գեղարվեստ է սովորել երիտասարդ տարիքում, իսկ 2003-ին նա որոշեց վերադառնալ համալսարան, սովորեց արվեստի պատմություն և ստացավ հաղորդակցության ոլորտի մագիստրոսի կոչում:
 

Իզաբելի քաղաքում հայեր շատ չկան, բայց կա մի փոքր հայկական ասոցիացիա, ուր նա կարող է երբեմն գնալ հայկական ուտեստներ ճաշակելու, հայկական պարեր նայելու և անձամբ պարելու համար:
 

Հայաստանի հետ նրա առաջին կապը եղավ այն ժամանակ, երբ Վորլդ Վիժըն կազմակերպության միջոցով նա հովանավորեց մի երիտասարդ աղջկա Հայաստանի Վարդենիս քաղաքից: 2008թ.-ին նա որոշեց գալ Հայաստան տեսնելու, թե ինչ աշխատանք է կատարվել և այդ ժամանակից ի վեր նա սիրահարվեց Հայաստանին: «Ես կարծես տուն էի վերադարձել, վերադարձել էի իմ երկիր, այնքան մոտ էր Հայաստանն ինձ»,-ասում է Իզաբելը:
 

Վերադառնալով Ֆրանսիա` նա որոշեց, որ պետք է սովորի հայոց լեզուն: Նա սկսեց հետևել Assimil ինքնուրույն ուսուցման մեթոդին: Այնուհետև, 2011թ.-ի աշնանը նա նորից եկավ Հայաստան` հայերենը կիրառելու և որոշ կամավորական աշխատանքներ կատարելու համար:
 

Նա 3 շաբաթ անցկացրեց Հրազդանում` ֆրանսերեն լեզու դասավանդելով Օրբելու անվան դպրոցի աշակերտներին: Հետո նա նաև աշխատեց Espace Kaza հասարակական կազմակերպության հետ, որտեղ դասընթացներ էր վարում ֆրանսիական արվեստի պատմության մասին և կազմակերպում էր խաղեր օտար լեզուներ սովորելու համար: Նա այդ օրերը մեծ ուրախությամբ և բավականությամբ է հիշում:
 

Իզաբելը Հայկական վիրտուալ համալսարանի մասին իմացավ համացանցից, անմիջապես այցելեց կայքէջ և սկսեց գրանցվել դասընթացներին: Նա սկսեց հայկական ճարտարապետության դասընթացներից` ավարտելով բոլոր մակարդակները, որից հետո սկսեց արևելահայերենի դասընթացները: Նա արդեն 3 մակարդակ ավարտել է, բայց կարճ դադար է տալու հայոց պատմություն սովորելու համար, որից հետո միայն կշարունակի լեզվի դասընթացը: Նա նաև մեծ հետաքրքրություն ունի ՀՎՀ-ի վերջերս մեկնարկած շախմատի օնլայն դասընթացի նկատմամբ, որին արդեն գրանցվել է: «ՀՎՀ-ն շատ կարևոր հաստատություն է, քանի որ աշխարհում մեկ այլ դպրոց կամ համալսարան չկա, որ կարող է առաջարկել հայկական օնլայն կրթություն»,-ասում է Իզաբելը:
 

Հարավային Ֆրանսիայում բնակվող մի ֆրանսուհի` հետաքրքրված քանդակագործությամբ և արվեստներով, ինչո՞ւ պետք է հետաքրքրված լիներ Հայաստանով և հայոց լեզվով. կհարցներ թերահավատ մեկը: Իզաբելի պատասխանը պարզ էր և կտրուկ. նա պարզապես սիրահարված է այդ ժողովրդին: «Ամեն անգամ, երբ Հայաստանում եմ լինում շատերն ինձ հարցնում են արդյո՞ք ես հայ եմ, քանի որ շատ նման եմ հայերին»:
 

Իզաբելը չգիտի, թե ինչ է անելու Հայաստանի մասին այդ ամենը սովորելուց հետո: Միգուցե մի քանի տարով կգա Հայաստան` ապրելու և քանդակներ ստեղծելու, միգուցե կշարունակի իր կամավորական աշխատանքները: Նա արդեն շատ ընկերներ ունի Հայաստանում` իր ուսուցիչները և դասընկերները, որոնց հետ ընկերացել է ՀՎՀ օնլայն դասերի շրջանակներում: Նա կարծում է, որ Հայաստանը լավագույնին է արժանի և հենց այդ լավագույնն էլ նա ուզում է տալ այդ երկրին, որին սիրում է անսահմանորեն:
 

Հարութ Էկմանյան


Քանդակների հեղինակ` Իզաբել Կազըժուստ