login
Հայացք ներսից
«ՀԲԸՄ ՀՎՀ-ն գիտի ինչպես ոգևորել ուսանողներին» - Մայքլ Ֆլանագան 01/11/2025

ՀԲԸՄ ՀՎՀ ուսանող Մայքլ Ֆլանագանը՝ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքից, 2018 թվականին սկսել է ուսումնասիրել հայերենը: Սենյակում կախված հայկական դրոշը, մի քանի բառերի և արտահայտությունների իմացությունը բավարար չէին հայերեն խոսելու համար: Սակայն մի քանի տարի անց ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի միջոցով նա գրեթե վարժ խոսում է հայերեն: 


Հայերեն սովորելու առաջին փորձերը հուսահատեցրել էին Մայքլին. «Առաջին հայացքից լեզուն բավականին բարդ էր, - հիշում է Մայքլը. – փորձում էի սովորել հայերենի բառերը: Երբ տեսա «շագանակագույն» բառը, մտածեցի, որ որոշ բառեր պարզապես անհնար է հիշել և մտապահել»: Որոշ ժամանակ նա այլևս չէր փորձում սովորել լեզուն և պարզապես ուսումնասիրում էր ամերիկահայ հայտնիների կյանքը՝ հայերենի հետ կապը չկորցնելու համար:


2020 թվականին Ֆիլադելֆիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի շնորհիվ Մայքլը սկսեց ուսումնասիրել Արցախը և այնտեղ տեղի ունեցող դեպքերը: «Ես հասկացա, թե որքան քիչ գիտեմ Հայաստանի մասին։ Ուսումնասիրում էի հայկական տոները, պատրաստում էի հայկական ճաշատեսակներ՝ օրինակ դոլմա, և մտածում էի՝ երբ իմ քաղաքը նույնպես կունենա «ցայտաղբյուրներ»։ Բայց լեզուն իմանալը և հասկանալը նույնքան կարևոր է»։


Մայքլը բացահայտեց Հայկական վիրտուալ համալսարանը, երբ փորձում էր գտնել առցանց աղբյուրներ՝ հայերեն սովորելու համար: «Ես անմիջապես գրանցվեցի սկսնակների դասընթացին: Դասերը հատկապես օգտակար են այն ուսանողերի համար, որոնք սկսում են սովորել լեզուն զրոյից: Ինձ համար կարևոր էին տառադարձությունները, որոնց միջոցով կարողանում էի կարդալ»:


Մայքլի համար սկզբում դժվար էր մտապահել հայերենի երկար բառերն ու նախադասությունները, սակայն ՀՎՀ-ի օգնությամբ նա չհանձնվեց. «ՀՎՀ-ն գիտի ինչպես ոգևորել ուսանողներին և թույլ չտալ հանձնվել», - նշում է Մայքլը:
 

Մայքը հաջողությամբ ավարտել է արևելահայերենի միջին մակարդակի դասընթացը և այժմ գրանցված է հաջորդ մակարդակի դասընթացին: Նա նաև ունի շաբաթական հանդիպումներ ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար դասախոս Մարիամ Հարությունյանի հետ՝ ամրապնդելու համար խոսելու և լսելու հմտությունները: «Անհնար է որևէ բան սովորել մեկ ակնթարթում: Սովորելը ուսանողներից պահանջում է հետաքրքրասիրություն և հետևողականություն՝ գերազանց ուսուցիչների աջակցությամբ», - ասում է Մայքլը:


ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար դասախոս Մարիամ Հարությունյանը նշում է, որ Մայքլը շատ պարտաճանաչ ուսանող է. «Նա երբեք բաց չի թողնում ոչ մի հանդիպում և միշտ դասերին ներկայանում է լավ պատրաստված և հետաքրքիր հարցերով: Մայլքը շատ նպատակասլաց է, այդ իսկ պատճառով կարճ ժամանակում նա արդեն վարժ խոսում է և հիանալի հասկանում հայերեն»:


Մայքլը ցանկանում է ավելի վարժ խոսել հայերեն, սակայն նա նաև ոգևորված է իր նոր ձեռքբերումներով. «Լեզվում առաջընթացս չափում եմ նրանով, թե քանի անգամ պետք է Մարիամը խոսելու ընթացքում դադար տա և թարգմանի բառերը հայերեն: Գիտեմ, որ ապագայում իմ այցելությունը Հայաստան շատ հագեցած կլինի ՀԲԸՄ ՀՎՀ-ի շնորհիվ:
 

Շնորհակալ եմ ՀԲԸՄ ՀՎՀ-ին: Նրանք ունեն բարձրորակ և հրաշալի նախագծված դասընթացներ, որոնք նաև անվճար են: Հայերեն սովորել ցանկացողներն անպայման պետք է ուսումնասիրեն ՀՎՀ-ի ծրագրերը», - նշում է Մայքլը: