login
Հայացք ներսից
«ՀԲԸՄ ՀՎՀ դրական ազդեցություն ունի․ ովքեր հետաքրքրված են հայերեն սովորելով, սա հիանալի հնարավորություն է» - Կարինա Հայրապետովա 11/07/2024

ՀԲԸՄ ՀՎՀ ուսանող Կարինա Հայրապետովան ծնվել և մեծացել է Մոսկվայում։ Ընտանիքում միշտ էլ փորձել են պահպանել հայկական ավանդույթները։ Թեև Կարինայի այցելությունները Հայաստան այդքան էլ հաճախ չեն, սակայն նա միշտ խոսում է իր նախնիների բարբառով՝ Լոռվա խոսվածքով։ 


ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանում (ՀՎՀ) ուսանելով՝ Կարինան բավականին բարելավեց հայերենի իմացությունը։ «Ընտանիքի և հարազատների հետ միշտ հայերենով ենք հաղորդակցվում։ Սակայն շատերն իրենց բարբառներով են խոսում, իսկ ես փորձում եմ գրական հայերենով խոսել և միևնույն ժամանակ հասկանալ նրանց», - ասում է Կարինան։ 


ՀԲԸՄ ՀՎՀ-ում իր ուսման ընթացքին անդրադառնալով՝ Կարինան նշում է․ «Շատ հաճելի է հանդիպել հայերենով և հայկական մշակույթով հետաքրքրված հայ և այլազգի ուսանողների»։


Այժմ Կարինան սովորում է ոչ միայն հայոց լեզու, այլ նաև հայոց պատմություն, և փաստում՝ դասընթացները «շատ հետաքրքիր են և ուսուցողական»։ 


«ՀՎՀ-ն ինձ սովորեցրեց չվախենալ և չկաշկանդվել անծանոթների հետ հայերեն խոսելուց։ Հիմա ավելի վստահ եմ խոսում հայերեն և ուրախ եմ, որ ծանոթ եմ հայոց պատմությանը», - ասում է Կարինան։ 


Կարինայի նախնիները Վանաձորից են, Արցախից և Արևմտյան Հայաստանից։ «Հայաստան շատ չեմ այցելել, բայց Երևանից Վանաձոր գնալու ճանապարհին ամեն անգամ ինձ պարուրում են հպարտության, ուրախության և թախծի զգացողություններ։ Այստեղ կյանքն իր հունով գնում է, իսկ ես հեռու եմ այդ ամենից», - հիշում է Կարինան։ 
 

Կարինան շատ է ցանկանում նպաստել Հայաստանից դուրս հայկական մշակույթի պահպանմանը և հենց այդ պատճառով էլ նպատակադրված է շարունակել ուսումը ՀԲԸՄ ՀՎՀ-ում։ «Հայերեն կրթությունը դրական ազդեցություն է ունեցել ինձ վրա։ ՀԲԸՄ ՀՎՀ-ն լավագույն միջոցն է՝ հայերեն սովորելու և համախոհ մարդկանց հետ հաղորդակցվելու», - նշում է Կարինան։


ՀԲԸՄ ՀՎՀ-ի 15-ամյակի կապակցությամբ Կարինան պատրաստել է մի փոքրիկ տեսահոլովակ՝ շնորհավորելով ՀՎՀ-ին։ Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։