27-ամյա Ռազմիկ Թանաշյանը ծրագրավորող է Լոս Անջելեսից։ Մեծացել է հայախոս միջավայրում, հաճախել է հայկական ամենօրյա և շաբաթօրյա դպրոցներ։ Կարելի է ասել, որ միշտ խոսել է հայերեն։
Սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ ցանկանում է հայերենով ավելի վարժ կարդալ և գրել։ 2024 թվականի սկզբին Ռազմիկը որոշեց գրանցվել ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հայոց լեզվի դասընթացին։
Մեկ տարի անց մենք զրուցեցինք Ռազմիկի հետ՝ խոսելով մայրենի լեզվի ազդեցության և ՀՎՀ-ում ստացած փորձի մասին։
Ձեր ընտանիքը որևէ կերպ փորձե՞լ է պահպանել ազգային ինքնությունը և ժառանգությունը։
Հայկական դպրոցում ուսանելու հետ մեկտեղ ծնողներս ինձ և եղբայրներիս ներգրավել են բազմաթիվ արտադասարանական միջոցառումներում։ Կարծում եմ՝ դա մեծ դեր է խաղացել հայկական ինքնության և լեզվի պահպանման հարցում։ Հաճախում էինք հայկական պարի խմբակների, դաշնամուրի դասընթացների՝ հայախոս ուսուցչի հետ, և ամեն տարի մասնակցում էինք հայկական ճամբարի։ Սփյուռքում ապրելով՝ ազգային ինքնությունը կորցնելը շատ հեշտ է։ Ես երախտապարտ եմ ծնողներիս, որ մենք հնարավորություն ենք ունեցել պահպանել մեր ժառանգությունը և ազգային ինքնությունը։
Կարծում եք՝ լեզվի ուսուցումը որևէ դեր խաղացե՞լ է Ձեր ինքնության ձևավորման հարցում։ Եթե այո, ապա ինչպե՞ս։
Այո՛, իհարկե։ Ուզում եմ Լոս Անջելեսի շաբաթօրյա դպրոցներից մեկում արևմտահայերեն դասավանդել։ Հենց այդ նպատակով էլ գրանցվեցի ՀՎՀ-ի դասընթացներին և սկսեցի ընթերցել հայերեն գրքեր։ Շատ եմ ուսումնասիրում հայերեն նյութեր և փորձում եմ ավելի ներգրավված լինել տեղի հայկական համայնքում։
Երբ գրանցվեցիք ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացներին, առաջինը ի՞նչը գրավեց ձեր ուշադրությունը։
ՀՎՀ-ն ունի առցանց հարթակ, որը շատ հեշտ է օգտագործել։ Ցանկանում էի հետևել ճկուն ժամանակացույցով դասընթացների, և ՀՎՀ-ն ամենահարմարն էր։ Ես հեշտությամբ կարողանում եմ կառավարել ժամանակս։
Լեզուներ սովորելը պահանջում է շարունակական աշխատանք։ Դուք ինչպե՞ս եք կառավարում Ձեր ժամանակը՝ սովորելով ինքնուրույն և առցանց։
Շաբաթական տնային առաջադրանքները կատարում եմ մի քանի օրում՝ ամեն օր և քիչ-քիչ։ Կարծում եմ՝ մեկ օրում տնային առաջադրանքներն ավարտելն այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ պետք է մեկ շաբաթ դադար տամ մինչև մյուս տնային առաջադրանքը կատարելը։ Այսպես ես մշտապես զբաղվում եմ հայերենով։
Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին և երեխաներին, որոնք ցանկանում են պահպանել հայոց լեզուն։
Լեզուն պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու համար ծնողները մշտապես պետք է խոսեն հայերեն երեխաների ներկայությամբ։ Եթե ծնողները երեխաների հետ խոսեն օտար լեզվով, նրանք աստիճանաբար կսկսեն անտեսել իրենց մայրենի լեզուն։ Նաև կարևոր է, որ երեխաները հաճախեն հայկական դպրոց կամ արտադասարանական խմբակների, օրինակ՝ շաբաթօրյա կամ կիրակնօրյա դպրոց, պարի դասերի, երաժշտական խմբակների կամ երգչախմբի։ Եթե նշված խմբակների ուսուցիչները հայերեն խոսեն, երեխաներն ավելի արագ և սիրով կսովորեն լեզուն։ Ինձ համար սա շատ կարևոր էր, երբ ես մեծանում էի։
Ռազմիկը նաև նշեց, որ Լիբանանի կամ Սիրիայի հայկական համայնքները մեծ օրինակ են ծառայել սփյուռքում լեզվի պահպանման գործում։ «Նույնիսկ ցեղասպանությունից 100 տարի անց նրանք կարողացել են պահպանել իրենց ինքնությունն ու լեզուն՝ հիմնելով հայկական դպրոցներ, խանութներ, ռեստորաններ և թատրոններ։ Նման համայնքների միջոցով հայերենը մոռանալն անհնար է», - ասաց նա։
Ռազմիկի ընտանիքը ծագումով Այնթապից և Ուրֆայից է։ Ծնողները 1980-ականներին գաղթել են ԱՄՆ։ Հոր ընտանիքը գաղթել է Հալեպից, իսկ մոր ընտանիքը՝ Բեյրութից Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։