Այն, ինչ գրված է իմ ճակատին
08/12/2019
ԱՄՆ-ից մեր ուսանող Ջենիս Ծովինար Օքումյանը պատմում է ՀՎՀ-ում հայերեն սովորելու իր փորձառության մասին:
Ինչպե՞ս է պատահում, որ մարդը հասուն տարիքում որոշում է հայերեն սովորել։ Ես պատկանում եմ ամերիկահայ այն հասարակությանը, որ երբեք չի զարգացրել իր լեզվական հմտությունները, բայց միշտ մոտ է եղել իր հայկական արմատներին։ Ես այդ կապը այլ կերպ էի արտահայտում. Պատրաստում էի համեղ հայկական ճաշատեսակներ, ինչպես իմ տատիկն ու մայրն էին պատրաստում, պարում էի ընտանիքիս և ընկերներիս հետ, կատարում էի Կոմիտասի չքնաղ երգերը և այլն։
Բայց ինչ-որ բան պակասում էր։Կարծում եմ, որ լեզուն ազդում է մեր աշխարհընկալման վրա։ Որոշ բաներ կարելի է արտահայտել միայն մայրենի լեզվով. Դրանք կորցնում են իրենց իմաստը թարգմանելիս։ Ընդհանրապես, երբ նոր լեզու ես սովորում, նոր մտքեր են գալիս, որոնք նախկինում չեն եղել։ Ես հայերեն եմ սովորում, որովհետև ցանկանում եմ աշխարհը տեսնել նոր անկյունից, զգալ հայերեն բառերի համը։ Ուզում եմ սովորել այն լեզուն, որով խոսել են իմ նախնիները, և հիմա, հայերեն նոր բառեր, արտահայտություններ և նախադասություններ սովորելով` ես ինձ ավելի մոտ եմ զգում նրանց։
Հայկական վիրտուալ համալսարանն օգնեց ինձ շարունակել ուսանել հայոց լեզուն: Համալսարանի որդեգրած ճկուն համակարգի շնորհիվ ես կարողանում եմ դասերին հետևել ինձ հարմար հաճախականությամբ` միևնույն ժամանակ հավատարիմ մնալով դասընթացի կառուցվածքին և նշված ժամկետներին, ինչն էլ ինձ օգնում է հետ չմնալ դասերից։ Իմ ուսուցիչը գերազանց գիտելիքներ ունի և ինձ շատ է աջակցում։ Հատկապես օգտակար են մեր տեսահաղորդակցությունները, որոնք ինձ օգնում են բարելավել լեզվական հմտություններս։
«Այն, ինչ գրված է ճակատիդ» հայերեն արտահայտությունը նշանակում է, որ ճակատագրով քեզ ինչ-որ բան տրված է։ Ես ճակատագրին շատ չեմ հավատում, բայց ուրախությամբ ուզում եմ նշել, որ հայերենին տիրապետելը իրականացրեց իմ վաղեմի երազանքը։
Հեղինակ` Ջենիս Ծովինար Օքումյան