login
Հայացք ներսից
«Որքան ուսումնասիրում եմ դասընթացը, այնքան հայերենն ինձ համար ավելի հետաքրքիր է դառնում» 07/23/2024

ՀԲԸՄ ՀՎՀ ուսանող Էլեոնորա Տեր-Պողոսյանը ծնվել և մեծացել է Վրաստանում՝ Թբիլիսիում, և միշտ ցանկացել է սովորել հայերեն։ Դեռ մանկուց նա կարողանում էր մի փոքր հայերեն խոսել տատի և պապի հետ։


«Միշտ ցանկացել եմ սովորել մայրենի լեզուս, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Շատ մարդիկ կան, որ չեն տիրապետում իրենց մայրենի լեզվին։ Սակայն կարծում եմ, որ այն սովորելը շատ կարևոր է», - ասում է Էլեոնորան։


«Գիտեմ, որ հայերենը բարդ լեզու է։ Տարբեր դասընթացներ փնտրելիս հայտնաբերեցի ՀԲԸՄ ՀՎՀ ծրագիրը, հեշտությամբ գրանցվեցի և սկսեցի սովորել։ Քանի որ ծրագիրը շատ լավ է մշակված, առանց դժվարության սովորեցի և մտապահեցի հայերենի այբուբենը։ Ես պարզապես հիացած էի», - հիշում է Էլեոնորան։


Էլեոնորայի գլխավոր նպատակը քերականությանը տիրապետելն էր, և նա հեշտությամբ կատարում էր բոլոր վարժությունները: «Որքան ուսումնասիրում եմ դասընթացը, այնքան հայերենն ինձ համար ավելի հետաքրքիր է դառնում: Ուզում եմ ավելի շատ բառեր սովորել և դրանք ճիշտ օգտագործել առօրյայում: Ավելի ու ավելի եմ բացահայտում լեզուն իր հարստությամբ և գեղեցկությամբ»։


2023 թվականից ի վեր Էլեոնորան ավարտել է ՀԲԸՄ ՀՎՀ հայոց լեզվի դասընթացի երեք մակարդակ։ Դասընթացներն առցանց են և առաջարկվում են դասավանդման ութ լեզուներով։ Նա այժմ սովորում է արևելահայերենի՝ ռուսերենով դասավանդվող միջին մակարդակի դասընթացում: ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար դասախոս Գոհար Գևորգյանը նշում է, որ Էլեոնորան նպատակասլաց ուսանող է։ «Նա միշտ նոր գաղափարներ ունի և դրանցով կիսվում է մեր բոլոր հանդիպումների ու քննարկումների ժամանակ»,- ասում է Գոհարը:


Էլեոնորան նախատեսում է շարունակել հայոց լեզվի ուսումը ՀԲԸՄ ՀՎՀ-ում: «Անպայման կշարունակեմ ուսումս և կանցնեմ բոլոր դասընթացները։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Բոլորին խորհուրդ եմ տալիս հետևել ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացներին: Սա հրաշալի հնարավորություն է լեզուն սովորելու և մեր ժողովրդի մշակույթի մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար»: