login
Հոդվածներ
ՀՎՀ հիմնադիր նախագահի հանդիպումը Բրյուսելի երիտասարդ մասնագետների հետ 11/27/2016
2016 թվականի նոյեմբերի 27-ին ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը այցելեց Բրյուսել, որտեղ հանդիպեց ՀԲԸՄ Բրյուսելի երիտասարդ մասնագետների հետ: Ոչ պաշտոնական հանդիպմանը ներկա էին շուրջ 20 երիտասարդներ` ՀԲԸՄ Բրյուսելի երիտասարդ մասնագետների նախագահ Սարգիս Պետրոսյանի և փոխնախագահ Սևակ Աբելյանի գլխավորությամբ։ Դոկտոր Զորյանը ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շուրջ բաց և անկեղծ զրույց ունեցավ երիտասարդների հետ` հատկապես շեշտը դնելով Հայկական վիրտուալ համալսարանի հայապահպան գործունեության վրա: Հանդիպումը շատ արդյունավետ էր։ Հնչեցին մտքեր, թե ինչպես կարող է հայկական կրթության ընդլայնմանն ուղղված նորարարական մոտեցումը նպաստել հայ ինքնության պահպանմանը նրանց համար, ովքեր ապրում են հայրենիքից հեռու։ Համացանցի միջոցով նախնիների մայրենի լեզուն սովորելը և նրանց հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալը եզակի հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին ցանկացած պահի և ցանկացած վայրում սովորելու հայերեն, ինչպես նշվում է ՀՎՀ-ի կարգախոսում։ Հանդիպման ավարտին ներկաներից շատերը ոգևորվեցին և իրենց պատրաստակամությունը հայտնեցին առավելագույնս աջակցելու ծրագրի զարգացմանը և տարածելու հայկական կրթությունը ամենուր աշխարհում։