Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ամառային ծրագրերին:
Կրթական ծրագրերի ցանկը ներառում է ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» և Գլոբալ առաջնորդության ծրագրերը, որոնք երկուսն էլ միտված են հասանելի դարձնելու հայկական ժառանգությունն ամբողջ աշխարհում՝ կրթության, հաղորդակցության և սոցիալականացման միջոցով։
Լինելով հավատարմագրված առցանց ուսումնական հաստատություն և ունենալով առցանց դասավանդման ավելի քան տասնամյա փորձ ՝ՀՎՀ-ն տարիների ընթացքում նպաստել է նմանօրինակ ծրագրերին՝ մասնակիցների համար կազմակերպելով բազմաթիվ առցանց միջոցառումներ՝ ընդլայնելու նրանց գիտելիքները հայկական հարուստ մշակույթի մասին:
Այս ամառ ՀՎՀ-ն կազմակերպեց հինգ առանձնահատուկ միջոցառում ՀԲԸՄ-ի «Երաժշտական Հայաստան» ծրագրի երաժշտագետ մասնակիցների և Գլոբալ առաջնորդության ծրագրի երիտասարդ մասնագետների համար:
Հունիսի 25-ին ՀԲԸՄ-ի «Երաժշտական Հայաստան» ծրագրի ուսանողները մասնակցեցին առցանց միջոցառմանը` նվիրված հայ երաժշտության հանճար Կոմիտասին: ՀՎՀ-ի ավագ հեռավար ուսուցչուհի Անի Դեկիրմենչյանը ներկայացրեց նրա ստեղծագործություններն ու կյանքի պատմությունը, իսկ ավարտին կազմակերպվեց հետաքրքիր քննարկում։
Հաջորդ օրը ուսանողները առցանց այցելեցին Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, ՀՎՀ-ի կրթական թիմի ղեկավար Մարինե Խաչատուրյանի ուղեկցությամբ։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան հայ պատկերազարդ ձեռագրերի արվեստին և հնարավորություն ունեցան հնչեցնելու իրենց հարցերը:
«Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցների համար կազմակերպված վերջին միջոցառումն առցանց այցելությունն էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ ճանաչված հայ կոմպոզիտորի և դիրիժորի մասին հետաքրքիր պատմություններով և փաստերով լի:
Հուլիսի 17-ին Նյու Յորքից և Բոստոնից ՀԲԸՄ-ի Գլոբալ առաջնորդության ծրագրին միացած երիտասարդ մասնագետները վիրտուալ այցելեցին Երևանում գտնվող Սերգեյ Փարաջանովի թանգարան: ՀՎՀ-ի ավագ հեռավար ուսուցչուհի Անի Դեկիրմենչյանը նրանց ներկայացրեց թանգարանի պատմությունը, անվանի արվեստագետի կյանքը և ստեղծագործական գործունեությունը: Այսպես սփյուռքի մի խումբ երիտասարդներ հնարավորություն ունեցան կապվելու իրենց հայկական արմատներին, հաղորդակցվելու և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Ավելի ուշ՝ հուլիսին, ՀՎՀ-ն Մարինե Խաչատուրյանի գլխավորությամբ՝ հերթական սոցիալական հանդիպումն անցկացրեց ՀԲԸՄ-ի Գլոբալ առաջնորդության ծրագրի մասնակիցների համար: Միջոցառմանը լուսաբանվեցին հայոց պատմության կարևորագույն հերոսամարտերը՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա: Հանդիպման ավարտին մասնակիցներն առցանց շրջայց կատարեցին Սարդարապատի հուշահամալիրում և թանգարանում, որտեղ ծանոթացան հայ ազգային հերոսների կենսագրություններին և քաջագործություններին:
ՀԲԸՄ-ի «Երաժշտական Հայաստան» ծրագիրն ամենամյա տասնօրյա ինտենսիվ ծրագիր է, որը բաց է երաժիշտների և երաժշտասերների համար:
ՀԲԸՄ-ի Գլոբալ առաջնորդության ծրագիրն ամենամյա ութշաբաթյա ծրագիր է՝ միտված համախմբելու հայ երիտասարդներին ամբողջ աշխարհից՝ իրենց մասնագիտական ոլորտում գործնական փորձառություն ձեռքբերելու համար: