login
Հոդվածներ
Ցեղասպանության իրազեկման համաժողով միջազգային ուսանողների համար 12/06/2023

Դեկտեմբերի 4-ը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի և Օսթինի Համաշխարհային գործերի խորհրդի միջև շարունակական համագործակցության համար նշանակալից օր է: Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության, ինչպես նաև դրա կանխարգելման միջազգային օրվա 75-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ ցեղասպանության իրազեկման առցանց համաժողովը։


Երկու հաստատությունների միջև համագործակցությունը արդյունավետ գործընկերության և կրթության վառ ապացույցն էր: Համագործակցության արդյունքում Տեխասի Դել Վալլե ավագ դպրոցի միջազգային աշակերտները ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագրի շրջանակում անցնում են հայոց պատմության դասընթացներ: Համաժողովին մասնակցում էին նաև դպրոցի տնօրենը, ուսուցիչները, աշակերտները, ինչպես նաև այլ մանկավարժներ և տարբեր երկրներից ժամանած վաստակավոր հյուրեր։


ՀԲԸՄ ՀՎՀ-ն պատվավոր կոչում շնորհեց այն անհատներին, ովքեր իրենց էական ներդրումն են ունեցել ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործում: ՀԲԸՄ ՀՎՀ-ն երախտապարտ է փոխըմբռնման, կարեկցանքի և գալիք անարդարությունների կանխարգելման մեջ ներդրված ջանքերի համար:


«Կարևոր է քննել ժամանակակից պատմությունը՝ դիտարկելով անցյալը», - իր խոսքում շեշտեց դոկտ. Երվանդ Զորյանը։ Այս կոչը ծառայեց միջոցառման ավելի լայն նպատակին, որն էր՝ խթանել ցեղասպանությունը մանրամասն ըմբռնելը։


Այս և նման հարցերում կրթության կարևորության թեման ընդգծելով՝ կրթական բաժնի ղեկավար Մարինե Խաչատուրյանը ներկայացրեց ՀԲԸՄ ՀՎՀ էական դերը իրազեկվածության բարձրացման գործում՝ մեջբերելով «Վերապրումի իմ պատմությունը», «Ցեղասպանությունը և կանանց արձագանքը», «Հայոց ցեղասպանությունը հայ ականավոր արվեստագետների աչքերով» և այլ ՀԲԸՄ ՀՎՀ հատուկ ծրագրերը։


Միջոցառման ընթացքում հատուկ շնորհակալության արժանացավ ՀՎՀ շրջանավարտ, ցեղասպանության քարտեզագրի ծրագրի ղեկավար Մայք Քանինգհեմը՝ ի նշան գիտական փորձի և  կրթական ծրագրերին նվիրվածության։


Համաժողովի շրջանակում աշակերտներին եզակի հնարավորություն ընձեռվեց նաև հարստացնել ցեղասպանության մասին իրենց գիտելիքները առցանց դասընթացների,սեմինարների և այլ համաժողովների միջոցով:


Մրցանակաբաշխությունից հետո ՀԲԸՄ ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագրում ուսանող Դել Վալլե ավագ դպրոցի աշակերտները խոսեցին ՀՎՀ հայոց պատմության ծրագրի և իրենց փորձառության մասին: Նրանցից մեկն ասաց. «Շնորհակալությու՛ն մրցանակի և հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելու այս հնարավորության համար»:


«Կարծում եմ՝ կարևոր է իմանալ հայոց պատմությունը և կրթված լինել՝ թույլ չտալու, որ պատմությունը կրկնվի»։ Մեկ այլ աշակերտ ավելացրեց. - «Մենք ոչ միայն գիտելիք ենք ստանում, այլ նաև հաղորդակցվում ենք այլ անձանց հետ: Այս նախագիծը դպրոցում դեռևս իմ սիրելին է»:


Ցեղասպանության իրազեկման համաժողովը, ինչպես նաև Օսթինի Համաշխարհային գործերի խորհրդի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի միջև համագործակցությունը ոչ միայն պատմական նշանակալից իրադարձություն էր, այլև միահամուռ իրազեկման, ոգեկոչման և ցեղասպանության դեմ նախաձեռնվող քայլերի գրավական: