login
Հոդվածներ
«Վայոց Ձոր» էլեկտրոնային գիրքը ներկայացվեց Սմիթսոնյան «ֆոլքլայֆ» փառատոնում 07/05/2018

Ս.թ. հուլիսին Վաշինգտոնում տեղի ունեցած Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնի այցելուները յուրահատուկ հնարավորություն ունեցան Հայաստանին ծանոթանալ ոչ միայն ազգային կերակրատեսակների, արհեստների և երաժշտության, այլև տեխնոլոգիայի միջոցով: Փառատոնին ներկայացված «Վայոց ձոր» մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը հնարավորություն տվեց մասնակիցներին վիրտուալ ճամփորդություն կատարել դեպի Հայաստանի այդ գեղեցիկ մարզը, այցելել պատմական վայրեր, հիանալ բնության տեսարաններով և ներշնչվել տեղական մշակույթով:

Էլ. գիրքը թողարկվել է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի կողմից: Այն համապարփակ ուղեցույց է Վայոց ձորի մասին՝ հագեցած բազմազան մուլտիմեդիա միջոցներով՝ տեսանյութերով, եռաչափ նկարներով ու համայնապատկերներով, ձայնագրություններով և ինտերակտիվ քարտեզներով:

«ՀՎՀ-ն հպարտությամբ է համագործակցում Սմիթսոնյան ինստիտուտի հետ՝ հավատարիմ մնալով հայկական հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու իր առաքելությանը, և ես շատ ուրախ եմ, որ «Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքը ներկայացվում է Ֆոլքլայֆ փառատոնի ընթացքում»,- ասաց ՀՎՀ հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը: «Նոր էլ. գրքում օգտագործվել են ստեղծարար և ժամանակակից լուծումներ՝ Վայոց ձորի բնական և պատմական հարստությունը, մարզի բազմազանությունը լավագույնս ներկայացնելու նպատակով: Գիրքն իր ինտերակտիվ բովանդակությամբ կնպաստի մարզում զբոսաշրջիկների թվի աճին»:

Բացի տարածաշրջանի պատմության, բնական վայրերի, մշակույթի եւ ավանդույթների մասին գլուխներից, գիրքը պարունակում է նաև հյուրանոցների եւ ռեստորանների տեղեկատու, ինչպես նաև բառարանային հավելված՝ ճանապարհորդությունը հեշտ և հաճելի դարձնելու համար:

«Էլեկտրոնային գրքի միջոցով մարդիկ կարող են բացահայտել ցանկացած վայր, տանը կամ հյուրանոցում ծանաթոնալ դրան՝ հստակ պատկերացնելով, թե որտեղ են ուզում ճամփորդել... Այն հիանալի միջոց է ճանապարհորդությունը նախապես պլանավորելու, ինչպես նաև ճամփորդության ժամանակ օգտագործելու համար», - ասաց Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչ Սայմոն Ջոնսը:

«Ինչպես ստեղծել ուղեցույց» խորագրով հանդիպման ընթացքում դոկտոր Երվանդ Զորյանը, Սայմոն Ջոնսը և գիտնական-փորձագետներ Սաբրինա Փափազյանը և Հարություն Մարությանը ներկայացրեցին «Վայոց ձոր» ինտերակտիվ ուղեցույցի մշակման աշխատանքի մանրամասները:

Այս ամսվա սկզբին «Վայոց ձոր» և Հայաստանի մասին ՀՎՀ-ի երկու այլ էլեկտրոնային գրքերը՝ «Հայկական լեռնաշխարհ» եւ «Բացահայտենք Երևանը», ցուցադրվեցին Բոստոնում Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառումների ընթացքում, որոնց նպատակն էր նպաստել Հայաստանում զբոսաշրջության, այդ թվում՝ մշակութային տուրիզմի, զարգացմանը: