ՀԲԸՄ ՀՎՀ-ն շարունակում է AI դասընթացի հաջող ընթացքը հայկական դպրոցներում
11/15/2023
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ակտիվորեն աջակցում է STEM կրթությանը Հայաստանի ավագ դպրոցներում: 2022 թվականից սկսած՝ 8 դպրոցների ավելի քան 160 աշակերտներ ուսումնասիրել են արհեստական բանականության հիմունքները ՀՎՀ-ի նորարարական հեռավար դասընթացի միջոցով։
«Արհեստական բանականություն» դասընթացը նախաձեռնվել է ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի կողմից և հովանավորվել Սինոփսիս հիմնադրամի կողմից՝ Հայաստանում և Արցախում STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթությանն աջակցելու նպատակով: Այն մշակվել է UEICT-ի և Սինոփսիս Արմենիայի ուսումնական գերատեսչության կողմից և վիրտուալ անցկացվել է ՀՎՀ էլեկտրոնային ուսուցման հարթակում:
Կարևորելով գիտության և տեխնիկայի դերը՝ ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը նշեց. «Մենք սկսել ենք այս դասընթացները, որպեսզի օգնենք երիտասարդ սերնդին ամեն քայլափոխի կիրառել AI-ը»:
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի ապրիլին Արցախում, որտեղ «Մունք» (մենք) տեխնոդպրոցի տասներկու աշակերտներ հաջողությամբ ավարտեցին դասընթացի առաջին մակարդակը։ Ավելի ուշ վիրտուալ դասերն անցկացվեցին Երևանի թիվ 65 ավագ դպրոցում և Գյումրիի մի շարք դպրոցներում։ Դրանց մասնակցեցին մոտ քառասուն աշակերտներ։
2023 թվականի աշնանը Երևանի թիվ 112 ավագ դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, ԵՊՀ STEM ավագ դպրոցը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցը նույնպես իրենց ուսումնական ծրագրերում ընդգրկեցին AI դասընթացը։
«Այս դասընթացի մեկնարկը մեծ ձեռքբերում էր ՏՏ ոլորտի զարգացման համար։ Դասընթացի շնորհիվ ես որոշել եմ ավելի խորը ուսումնասիրել այս ոլորտը և նոր գիտելիքներ ձեռք բերել AI-ի մասին»,- նշել է ուսանողներից մեկը։
AI դասընթացն անցկացվում է հիբրիդ մեթոդով, որը համատեղում է ինչպես հեռավար, այնպես էլ ավանդական ուսուցման առավելությունները՝ դասընթացը հարմարավետ դարձնելով ուսանողների համար: Հեռավար դասախոսը նաև պարբերաբար այցելում է դպրոցներ՝ գործնական դասեր անցկացնելու, ուսանողների նախագծերը վերահսկելու, ինչպես նաև դասարանի ուսուցչի հետ նրանց լրացուցիչ աջակցելու և ուղղորդելու ։