login
Հայացք ներսից
Աննա Դոլաբջյան` լեզվաբան, խորհրդատու և ՀՎՀ դեսպանը Եգիպտոսում 08/10/2016

    2013 թվականին Աննա Դոլաբջյանը նշանակվեց Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացուցիչը Եգիպտոսում և իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց ՀՎՀ-ի առաքելության իրականացման հարցում: Աննայի անսահման նվիրվածությունը և ջանքերը գնահատվեցին համալսարանի կողմից, և 2015թ. դեկտեմբերին Եգիպտոս կատարած այցի ժամանակ ՀՎՀ հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանը նրան շնորհեց շնորհակալագիր, ինչպես նաև ՀՎՀ դեսպանի պատվավոր տիտղոսը` առ ի գնահատանք:
 

Աննան ծնվել է Երևանում: Իր ծնողները Հայաստան էին ներգաղթել Եգիպտոսից: Թեև նա մեծացել է արևմտահայախոս ընտանիքում, Հայաստանում նա ապրել է արևելահայախոս միջավայրում. այժմ նա վարժ տիրապետում է թե՛ արևմտահայերենին, թե՛ արևելահայերենին:
 

Մանկության տարիներին Աննան անընդմեջ լսել է Եգիպտոսի մասին անհավանական պատմություններ: Ի վերջո, ճակատագրի բերումով նա ամուսնացավ Եգիպտահայի հետ և այժմ ապրում է Եգիպտոսում` իր ծնողների ծննդավայրում, որտեղ իր ծնողներն ապրել են շուրջ 37 տարի:
 

Նա ունի երկու աղջիկ և թոռնիկներ: Այստեղ նա ստեղծեց մի խումբ, որը կոչվում է ‹‹Հայաստանից Եգիպտոս ներգաղթած հարսնացուների ասոցիացիա››: Խումբն արդեն ունի 30 անդամ և հավաքվում է տարին մեկ անգամ:
 

Իր լեզվաբան մայրիկի օրինակով Աննան սովորեց լեզուներ` դառնալով ռուսերեն և անգլերեն լեզուների փորձառու մասնագետ: Եգիպտոսում նա ցանկություն ունեցավ ուսումնասիրել ևս մեկ լեզու` ‹‹իմաստուն և հարուստ›› արաբերեն լեզուն: Իր հայրական գեները նույնպես ուժեղ էին: Հետևելով իր հանգուցյալ հոր` Զավեն Դոլաբջյանի անցած ուղուն` այժմ նա հանդես է գալիս որպես խորհրդատու, նեյրո- լեզվաբանական ծրագրավորման մասնագետ և հիպնոթերապևտ: Իր հայրը եղել է հայտնի սրտաբան և բժշկական գիտությունների դոկտոր Հայաստանում: Նա նաև հեղինակել է ‹‹Բժշկի նոթերը›› խորագրով կարճ գրական պատմվածքներ և եղել է պատգամավոր Խորհրդային Հայաստանի խորհրդարանում:
 

Աննան զբաղեցրել է մի շարք հեղինակավոր պաշտոններ, այդ թվում`դոկտոր Էդվարդ Նալբանդյանի անձնական խորհրդատուն, ՀՀ առաջին դեսպանը Եգիպտոսում, ավելի ուշ Կահիրեի Ամերիկյան համալսարանի համալսարանական միջոցառումների կազմակերպման բաժնի տնօրենը: Առաջին անգամ Աննան ՀՎՀ-ի մասին տեղեկացավ 10 տարի առաջ, երբ դոկտոր Երվանդ Զորյանը ՀՎՀ-ն ներկայացրեց Եգիպտոսի հայ համայնքում: Աննան փաստում է, որ այդ ժամանակից սկսած նա հիանում է ՀՎՀ-ի մեծ ներուժով: Ապրելով Հայաստանում և սփյուռքում` իր երկկողմանի հայկական ինքնությունը նրան թույլ տվեց տեսնել, որ ՀՎՀ-ն ամբողջ աշխարհում սփռված բոլոր հայերի միասնության պահպանման պատմական անհրաժեշտության պատասխանն է:
 

ՀՎՀ-ն այլ կարևորություն ունեցավ Աննայի կյանքում, երբ իր աղջիկը գրանցվեց ՀՎՀ ծրագրին, որպեսզի կատարելագործի իր մայրենի լեզուն: 2013 թվականին Աննան և իր աղջիկը այցելեցին Երևանի ՀՎՀ գրասենյակ իր աղջկա ավարտական վկայականը ստանալու նպատակով: Այցի ժամանակ ՀՎՀ համագործակցության զարգացման գրասենյակը առաջարկեց Աննային դառնալ ՀՎՀ ներկայացուցիչը Եգիպտոսում: ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի ղեկավարության աջակցությամբ 2013 թվականի սեպտեմբերին ՀՎՀ-ն պաշտոնապես ներկայացվեց Եգիպտոսում: Աննան ասաց. ‹‹Շատ հաճելի է աշխատել ՀՎՀ-ի հետ: Ինչպես իմ համայնքը, այնպես էլ ես վայելում եմ հայրենիքիս մոտ լինելու յուրաքանչյուր վայրկյանը և ՀՎՀ-ի շնորհիվ սիրով այդ դրական և ջերմ էներգիան տարածում եմ ինձ շրջապատող մարդկանց››:
 

Առաջին առարկան, որ Աննան ներկայացրեց համայնքում, շախմատն էր, և այն մեկնարկեց 2014 թվականի սեպտեմբերին` ՀՎՀ հիբրիդ կրթական ծրագրի բաժնի և Եգիպտոսի շախմատի հիբրիդ ծրագրի մեծ աջակցությամբ: 11 տարեկանից մինչև 65 տարեկան ուսանողներ մասնակցեցին ծրագրին:
 

Հաջորդ մեծ նախաձեռնությունը Եգիպտոսի մասնաճյուղի համար եղավ հայոց լեզվի հիբրիդ ծրագրի ուսուցումը, որը մեկնարկեց մարտին: Աննան հավաստիացնում է, որ ծրագիրը մեծ խթան է հանդիսանում շատերի համար, ովքեր մեծ ծարավ ունեն խոսելու, կարդալու և գրելու իրենց մայրենի լեզվով:
 

Լինելով ՀՎՀ ներկայացուցիչը Եգիպտոսում` Աննան իրեն համարում է ՀՎՀ-ի մի մասնիկը և հպարտությամբ նշում է ՀՎՀ-ի մեծ կարևորությունը աշխարհասփյուռ հայերի համար` ասելով. ‹‹ՀՎՀ-ն օգնում է պահպանել և տարածել հայ ազգային ինքնությունը: Նա վերաիմաստավորում է մեր հինավուրց ազգի դերը համաշխարհային պատմության մեջ և կարևորում է իր տեղը համաշխարհային քարտեզի վրա››:
 

Իր դրական, խանդավառ և վճռական մոտեցմամբ Աննան անխոս համարվում է ՀՎՀ համայնքի անբաժանելի մասնիկը: