login
Հայացք ներսից
Արևմտահայերեն և արևելահայերեն սովորել միաժամանակ և զրոյից 09/18/2014

Հենրի Իսրայելյանը Ռուսաստանում բնակվող երրորդ սերնդի հայ է: Նա ծնվել է 1987-ին, Մոսկվայից 500 կմ հեռու գտնվող Վոլոգդա քաղաքում: Նրա պապը՝ Գրիգոր Հենրի Իսրայելյանը, ծնունդով Ղարաբաղի Մարտակերտի շրջանից էր: Հենրիի հոր ընտանիքը Արցախից գնացել էր Ելիզավետպոլ (Կիրովաբադ), իսկ մոր ընտանիքը Վոլոգդայից էր, ազգությամբ՝ ռուս:
 

Մեծանալով սովետական միջավայրում, տանը ռուսաց լեզվի գերիշխանության պայմաններում՝ Հենրին երբեք չկարողացավ իր տանը խոսել կամ լսել հայերեն: Ավելին, նրա ընտանիքը որոշակիորեն օտարված էր հայկական մշակույթից, լեզվից և ավանդույթներից:


«Այն մերժման նման մի բան էր»,- ասում է Հենրին, որը սկսվել էր իր մեծ պապից, ով երիտասարդ ժամանակ շատ դժվարություններ էր ապրել՝ Հայաստան գալով որպես նորեկ:
 

Հենրին մեծացավ առանց որևէ կապ ունենալու հայկական կյանքի, մշակույթի կամ լեզվի հետ: Իր ծննդավայր Վոլոգդայում չկար ոչ մի հայկական դպրոց: Նա մյուս երեխաների պես հաճախեց ռուսական դպրոց, այնուհետև էլեկտրոնային ինժեներիա սովորեց Սանկտ-Պետերբուրգի համալսարանի շրջանային մասնաճյուղում:
 

Չնայած դժվարին հանգամանքներին՝ Հենրին երբևէ չկորցրեց հայերեն սովորելու հույսը: Համացանցով նա միշտ տեղեկություններ էր փնտրում հայոց լեզվի մասին և մի օր, պատահաբար, նա տեղեկացավ Հայկական վիրտուալ համալսարանի մասին (ՀՎՀ): Դա մոտավորապես մեկուկես տարի առաջ էր:
 

Հենրին անմիջապես գրանցվեց հայոց լեզվի դասերին, բայց, զարմանալիորեն, որոշեց սկսել արևմտահայերենից: Քանի որ նրա ընտանիքը Ղարաբաղից էր, արևելահայերենից սկսելը առավել հարմար էր իհարկե, բայց Հենրին այլ կերպ էր մտածում:
 

«Ես գիտեմ, որ իմ ընտանիքը արևելահայերեն է խոսել մինչ Ռուսաստան տեղափոխվելը, բայց ես ցանկանում եմ նախ արևմտահայերեն սովորել, քանի որ այն վտանգված է: Արևմտահայերենը կանհետանա, եթե մենք դադարենք այն սովորել և օգտագործել»,-ասում է Հենրին:
 

Հենրին արդեն ավարտել է արևմտահայերենի դասընթացի 5 մակարդակ, արևելահայերենի 3 մակարդակ և ևս երկու դասընթաց նվիրված հայկական երաժշտությանը:
 

«ՀՎՀ-ի անձնակազմի վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ շատ կարևոր է և շատ ոգևորիչ»,- ասում է Հենրին:

Հայերեն սովորելը պարզապես լեզու սովորել չէ Հենրիի համար, այն ինքնուսուցման միջոցով կորսված ինքնությունը վերակառուցելու հնարավորություն է: Նա հավատում է, որ այն նաև մեր մշակույթը, լեզուն, հատկապես արևմտահայերենը, և ավանդույթները պահպանելու ճանապարհն է: Վերջինս Հենրիի համար շատ կարևոր հարց է, որի վերաբերյալ նա շատ հոդվածներ և գիտական աշխատանքներ է կարդացել:
 

Հենրիի փորձառությունն ավելի ամրապնդվեց ՀՎՀ դասընթացների իր մյուս ընտրության շնորհիվ. «Ես շատ ավելի լավ հասկացա հայկական մշակույթը՝ սովորելով և բացահայտելով հայկական երաժշտությունը»,- ասում է Հենրին:
 

Զրոյից սովորել հայոց լեզվի երկու ճյուղերը Հենրիի համար անշուշտ բարդ խնդիր էր, բայց նա կարողացավ հաղթահարել այն Հայկական վիրտուալ համալսարանի կողմից առաջարկված միակ հնարավորության և աջակցության շնորհիվ:


Հարութ Էկմանյան