Նարինե Ստեփանյանը Լոս Անջելեսում բնակվող փաստաբան է, ով մի շարք դատական գործեր է վարել քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով բազմաթիվ հայերի համար, ովքեր իրեն են դիմել աշխարհի տարբեր ծայրերից, ընդհուպ մինչև Թուրքիայից և նախկին Խորհրդային Միության երկրներից:
Նա խոստովանում է, որ այս դիմումների համար նա ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի դատարանները ճանաչեն այն բոլոր հետապնդումները, որ իրագործվել էին հայերի նկատմամբ էթնիկ և կրոնական պատկանելիության պատճառով:
Նարինեն ծնվել է Ադրբեջանի Բաքու քաղաքում, որտեղ էլ սերնդեսերունդ ապրել է իր ընտանիքը:
Անհերքելի է այն փաստը, որ Խորհրդային Միության մաս կազմող գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները մեծամասամբ ռուսերեն լեզվով էին խոսում, հետևաբար, Նարինեն նույնպես հայերեն չգիտեր, քանի դեռ նրա ընտանիքն ապրում էր Բաքվում:
Ավելին, թե՛ Ադրբեջանում, և թե՛ Ռուսաստանում նա իր մաշկի վրա է զգացել հայերի հանդեպ իրականացվող խտրականությունները: Նա կատակով խոստովանում է, որ հայ ինքնության համար իր մղած պայքարը ձևավորել է իր իսկ բնավորությունը, և միգուցե դա է պատճառը, որ նա այսօր իրավաբան է: 1991 թվականին Նարինեն ընտանիքի հետ տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո, որտեղ հայկական համայնքն այդքան էլ մեծ չէ:
Նա բակալավրի կրթություն է ստացել Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում, որից հետո, 2001 թվականին, ձեռք է բերել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան Հաստինգսի իրավունքի բարձրագույն դպրոցում: Մինչև 2005 թվականն աշխատել է մի շարք իրավաբանական ընկերություններում, որից հետո հիմնադրել է իր իսկ իրավաբանական ընկերությունը:
2008 թվականին Նարինեն հանդիպում է իր ամուսնուն` Ժիլբերտին, որից հետո զույգը տեղափոխվում է Լոս Անջելես` այստեղի հայկական մեծ համայնքին ավելի մոտ լինելու համար: Նա շնորհակալ է ամուսնուն, որ իրեն սովորեցրեց հայերեն խոսել և քաջալերեց գրանցվել հայոց լեզվի դասընթացներին: Նարինեն և Ժիլբերտը երեք երեխա ունեն`Էդուարդը, Ռոբերտը և Քրիստինան: Նարինեի երեխաները հաճախում են տեղի հայկական դպրոցը, որտեղ հայերեն են սովորում:
«Ես Րաֆֆի և Չարենց եմ կարդացել ռուսերենով, և ինձ մտահոգում էր այն փաստը, որ չէի կարող դրանք կարդալ հայերեն լեզվով: Չորս տարեկան որդիս` Էդուարդը, հիմա կարողանում է հայերեն կարդալ և նույնիսկ մաթեմատիկան է հայերեն լեզվով սովորում»,- ասում է Նարինեն:
Երեխաների ծնվելուց հետո Նարինեն ինքնուրույն հայերեն կարդալ է սովորել, որպեսզի կարողանա երեխաների համար մանկական գրքեր կարդալ ամեն գիշեր: Սկզբում նա փորձում էր նախապես մի քանի անգամ կարդալ գիրքը, որ այնուհետև այն սահուն կարդա երեխաների համար:
Համացանցում երկար փնտրտուքներից հետո նա վերջապես գտավ Հայկական վիրտուալ համալսարանը և անմիջապես գրանցվեց հայոց լեզվի դասընթացին. 2013 թվականի ապրիլն էր: Նա արդեն ավարտել է արևելահայերենի երեք դասընթաց: Հետագայում ցանկանում է նաև գրանցվել հայ գրականության դասընթացներին:
Նարինեն կարծում է, որ լեզուն դիմացինի մշակույթն ընկալելու բանալին է: «Մշակույթը գանձերով լի տուփ է, և լեզուն է այն բանալին, որով հնարավոր է բացել այդ տուփը: Կարծում եմ, երբ սկսում ես կորցնել էթնիկ ինքնությունը, առաջին կորուստը լեզուն է լինում: Եթե չես սովորում լեզուն, ապա սկսում ես կորցնել կապն աշխարհի տարբեր ծայրերում ապրող այլ հայերի հետ և պարզապես նույն կերպ չես զգում այդ կապվածությունը»,-ասում է նա:
Նարինեն հավելում է, որ ՀՎՀ-ն իրեն տվել է հայերեն սովորելու և իր բառապաշարը հարստացնելու բոլոր միջոցները: Նա նաև գտնում է, որ ՀՎՀ-ն աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերին հնարավորություն է ընձեռում պահպանել հայ ինքնությունը և պաշտպանել այն ձուլման վտանգից:
Հարութ Էկմանյան