«Փաստաթղթերը հանձնել եմ: Ընդունվել եմ: Երևան: Իմ երազանքների երկիր»:
Ֆեյսբուքյան այս հուզիչ գրառումը 18-ամյա Էրիկ Գրիգորյանը գրեց, երբ իմացավ, որ արդեն երևանյան համալսարաններից մեկի ուսանողն է: Նրա համար այս իրադարձությունը խորհրդանշական դարձավ. սեփական ժառանգությունը բացահայտելու ուղին սկսված է:
Էրիկը մեծացել է Թբիլիսիում՝ հայկական ջերմ ընտանիքում: «Վրաստանում ապրող հայկական մյուս ընտանիքների պես, մենք նույնպես տանը հիմնականում ռուսերեն ենք խոսում»,- ասում է Էրիկը: «Ծնողներս և տատիկս կարողանում են խոսել հայերեն, բայց չգիտեն կարդալ և գրել»,- շարունակում է նա: Երբ տասներկու տարեկան էր, Էրիկը փորձեց հայերեն սովորել, բայց դժվարացավ և հրաժարվեց այդ մտքից:
Ամեն ինչ փոխվեց 2015 թվականին, երբ նա առաջին անգամ այցելեց Հայաստան՝ մասնակցելու Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: «Սիրտս թրթռում էր հուզմունքից: Ինչ-որ բան փոխվեց իմ մեջ, ես հասկացա, որ պարտավոր եմ սովորել իմ մայրենի լեզուն, որը ոչ մեկ, ոչ մի պարագայում չի կարող ինձանից խլել»,- ասում է Էրիկը: Այս առաջին այցի ընթացքում նա իմացավ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի կրթական ծրագրերի մասին և որոշեց անմիջապես դիմել: «Ես ուզում եմ հայերեն սովորել, որովհետև հայ եմ»,- այսպես նա գրեց գրանցման հայտում:
Առաջին չհաջողված փորձին հակառակ, ՀՎՀ-ում սովորելը հաճելի էր և ավելի հետաքրքիր: «Սովորել հայերեն, օնլայն, այն էլ իմ նախընտրած ժամին, շատ հարմար էր: 21-րդ դարում մենք շատ ենք օգտվում համացանցից և համակարգիչներից: Օնլայն կրթությունն ավելի ինտերակտիվ է, ավելի հետաքրքիր, քան ավանդականը»,- իր փորձառության մասին պատմում է Էրիկը: Նա փորձեց հնարավորինս ակտիվ լինել, կանոնավոր մասնակցել օնլայն ուսուցչուհու հետ տեսակապով հանդիպումներին, սոցիալ-մշակութային միջոցառումներին և վիրտուալ այցելություններին, իր վիրտուալ դասընկերների հետ կազմակերպված քննարկումներին:
Հաջորդ երեք տարիների ընթացքում Էրիկը գերազանցությամբ ավարտեց արևելահայերենի ամբողջ դասընթացը (11 ուսումնական շրջան): «Եթե ուզում ես ինչ-որ գործում հաջողել, ապա պետք է սիրես այն, ինչ անում ես: Ոչ ոք չի կարող քեզ համոզել անել մի բան, որը չես սիրում»,- վստահ ասում է նա: Այս ճշմարտությունը Էրիկը սովորել է իր հայրիկից: «Երբ հայրս պատանի էր, երազում էր ժամագործ դառնալ: Այսօր նա Թբիլիսիի լավագույն ժամագործ-վարպետներից մեկն է և կարողանում է վերանորոգել ցանկացած ժամացույց»,- ավելացնում է նա:
Էրիկը միշտ ձգտում է իրագործել իր նպատակները. «Գոհարը՝ իմ օնլայն ուսուցչուհին, ինձ ասում էր, որ ես շատ վճռական և նպատակասլաց անձնավորություն եմ»: Եվ իսկապես, նրա աշխատասիրությունը և նվիրվածությունն ուսմանը տվեցին իրենց պտուղները: Վերջերս, երբ Էրիկը Հայաստանում էր և այցելել էր ՀՎՀ-ի գրասենյակ, սահուն խոսում էր հայերեն:
Էրիկն ակտիվորեն մասնակցում է Թբիլիսիի հայկական համայնքի կյանքին և իր ընկերներին միշտ քաջալերում է չմոռանալ իրենց հայկական արմատների մասին: «Վրաստանում ունեմ ընկերներ, որոնց համար հայերեն սովորելը նպատակային չէ: Ես նրանց և բոլոր երիտասարդներին ասում եմ, որ մենք պետք է միշտ հիշենք մեր պատմությունը, մեր մշակույթը և լեզուն»:
Էրիկի ամենամեծ երազանքը դպրոցն ավարտելուց հետո ուսումը Հայաստանում շարունակելն էր: Այս ամռանը նա ընդունվեց Երևանի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան և այժմ պատրաստվում է կյանքի մի նոր փուլ սկսել իր երազանքների երկրում:
Էրիկի կրթական նպատակներն այսքանով չեն ավարտվում: Երիտասարդ այս տղան օգտագործում է հայերենի իր գիտելիքները խորացնելու ցանկացած հնարավորություն և ծրագրում է հետագայում շարունակել ուսումը ՀՎՀ-ում:
«ՀՎՀ-ն յուրաքանչյուր հայի համար ստեղծել է մեր լեզուն և մշակույթը սովորելու հիանալի հնարավորություններ: Հիմա ես կարող եմ հպարտությամբ ասել, որ հայ եմ, քանի որ ես կարող եմ կարդալ, գրել և խոսել իմ մայրենի լեզվով»,- խոսքն ավարտում է Էրիկը: