«Ես Ռուբենն եմ՝ Իսպանիայից։ Անունիցս կարող է թվալ, որ հայ եմ, սակայն՝ ոչ»։ ՀԲԸՄ ՀՎՀ 34-ամյա հեռավար ուսանող Ռուբեն Ֆերնանդեսն այսպես է սկսում իր՝ հայկական մշակույթը բացահայտելու և հայերեն սովորելու պատմությունը։
Ռուբենը, լինելով արվեստի և ճանապարհորդության սիրահար, առաջին անգամ Հայաստան այցելեց 2021 թվականին՝ մասնակցելով «Էրազմուս+»-ի՝ երեք փուլից բաղկացած գեղարվեստական ծրագրին։ Ծրագրի երկրորդ մասն անցկացվել է Հայաստանում։ Ռուբենը ճանաչել է Հայաստանը՝ որպես աշխարհահռչակ System of a Down հայկական ռոք խմբի հայրենիք։
«Այցելելով Հայաստան՝ սիրահարվեցի ոչ միայն երկրին և մարդկանց, այլև ընկերուհուս՝ Նոեմիին, որ հայուհի է։ Հենց նա է պատճառը, որ որոշել եմ հայերեն սովորել, չնայած շփվում ենք անգլերենով։ Ցանկանում եմ ավելին իմանալ նրա ընտանիքի և հայկական արմատների մասին»։
Ռուբենն արդեն երեք անգամ եղել է Հայաստանում և ցանկանում է նորից այցելել ու ավելի խորն ուսումնասիրել երկիրը: Մինչև ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացները բացահայտելը՝ նա Հայաստանում միշտ փորձում էր կարդալ փողոցի ցուցանակների հայերեն գրվածքները, ինչպես նաև սննդի փաթեթների վրա գրված բաղադրամասերը։
«ՀՎՀ վեբկայքն ուսումնասիրելուց հետո ցանկացա մասնակցել բոլոր դասընթացներին: Այժմ ավարտել եմ արևելահայերենի առաջին երկու և շախմատի բարձրագույն մակարդակները։ Ցանկանում եմ գրանցվել նաև հայոց պատմության դասընթացին»։
Ռուբենը թեև նոր է սկսել իր ուսումը ՀԲԸՄ ՀՎՀ-ում, արդեն կարողանում է հայերեն կարդալ և կարճ նախադասություններով հաղորդակցվել: «Ես ընդհանրապես ակնկալիքներ չունեի։ Սակայն դասընթացներն ինձ շատ զարմացրին, քանի որ հայերեն կարող եմ սովորել իմ մայրենի լեզվով՝ իսպաներենով։ Իմ հեռավար դասախոսը՝ Գոհարը, հիանալի տիրապետում է իսպաներենին», - ասում է նա:
ՀԲԸՄ ՀՎՀ հեռավար դասախոս Գոհար Գևորգյանն իր հերթին Ռուբենին բնութագրում է որպես կարգապահ, աշխատասեր ուսանողի՝ հաճելի բնավորությամբ: «Շատ տպավորված եմ նրա աշխատասիրությամբ, բոլոր ձեռնարկումներում իր հաստատակամությամբ։ Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ նրան սովորեցնել և ուղղորդել: Անհամբեր սպասում ենք մյուս նվաճումներին», - ասում է Գոհարը։
Նոր լեզու սովորելը, իհարկե, ունի իր մարտահրավերները։ Ռուբենը հիշում է, թե ինչպես էր սովորում «Երեխաները խաղում են խաղահրապարակում» նախադասությունը։ «Այն կարծես շուտասելուկ լինի», - զվարճությամբ հիշում է նա։
Չնայած դժվարություններին՝ Ռուբենը հաստատակամ է շարունակել ուսումը. «Անպայման կշարունակեմ լեզվի դասընթացը, հետո կանցնեմ պատմության ու մշակույթի դասընթացներին։ Շախմատի դասընթացում ես շատ բան սովորեցի զինվորների վերջնախաղի մասին։ Շատ կարևոր է շախմատի վերջնախաղերն ուսումնասիրելը, ինչպես նաև լեզվի քերականությունը հասկանալը․ ինչպիսի կառույց ունի, ինչ է իրենից ներկայացնում… Շա՜տ հետաքրքիր է»:
«Այս դասընթացներն իսկապես օգնում են ինձ ավելի կապվել Հայաստանին և հայերին: Ընկերուհուս ընտանիքին և ընկերներին հասկանալը շատ կարևոր է ինձ համար»,- նշում է Ռուբենը։
«Խորհուրդ եմ տալիս բաց չթողնել հնարավորությունը և գրանցվել ՀՎՀ դասընթացներին։ Արգենտինացի ընկերներիցս մեկը՝ Լաուրան, հայկական արմատներ ունի։ Մենք միշտ խոսում ենք Հայաստանի մասին։ Նա սովորել է հայկական դպրոցում, բայց արդեն ամեն ինչ մոռացել է։ Նա ցանկանում է վերհիշել գիտելիքները և ուսումնասիրել իր արմատները։ Խորհուրդ եմ տվել սկսել ՀՎՀ դասընթացներից։ Նա արդեն սկսել է իր ուսումը արևմտահայերենի առաջին մակարդակի դասընթացից»։